2020 թվականին, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքով ձևավորված տնտեսական մարտահրավերները, ՀՀ կառավարության կողմից տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով որոշում էր կայացվել իրականացնել տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր՝ 80 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։ Iravaban.net-ը տեղեկանում է Պետական գույքի կառավարման կոմիտեից։
Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք էին բերվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի (Կառավարիչ) կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի (Ֆոնդ) փայեր՝ 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ։
2021-2023 թվականների ընթացքում Ֆոնդի կողմից բաժնեմասնակցային ներդրումներ են իրականացվել թվով 10 փակ բաժնետիրական ընկերություններում։
2024 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի, որից հետո Կառավարչի կողմից դիտարկվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։
Արդյունքում՝ Կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցված վճարված շահութաբաժինների չափով։ Տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափը (պարզ տոկոս) սահմանվել է 10.2720%՝ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությանը համապատասխան։
Իրականացվել է թվով 4 ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքի գործընթաց։ Նշված ընկերություններում Ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 միլիարդ ՀՀ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3,7 միլիարդ ՀՀ դրամ։
2026 թվականի մայիսի 7-ի Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ձեռնարկել քայլեր 3,7 միլիարդ ՀՀ դրամի չափով Ֆոնդի փայերի մարում իրականացնելու ուղղությամբ, որի արդյունքում 3,7 միլիարդ դրամ գումարը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե։