Ինչպե՞ս է գործում հաշտարարությունը․ կիրառման դեպքեր, կարգ և իրավական պահանջներ

Հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որի ընթացքում կողմերը փորձում են իրենց միջև առաջացած տարաձայնությունը լուծել անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ և փոխադարձ համաձայնությամբ՝ առանց դատարան դիմելու կամ դատարան դիմելուց առաջ։

Հաշտարարության հիմնական նպատակը վեճը լուծելն է ոչ թե դատական ճանապարհով, այլ՝ բանակցությունների և համաձայնության միջոցով։

Ե՞ՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԿԻՐԱՌԵԼ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշտարարությունը կարող է կիրառվել՝

  • քաղաքացիական վեճերում,
  • ընտանեկան վեճերում,
  • աշխատանքային հարաբերություններից բխող վեճերում,
  • ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։

 Ե՞ՐԲ Է ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ

Մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարություն է պահանջվում, մասնավորապես՝

  • ամուսնալուծության հարցերում,
  • երեխայի բնակության վայրի որոշման կամ փոփոխման դեպքերում,
  • ալիմենտի նշանակման կամ փոփոխման հարցերում,
  • ամուսնական գույքի բաժանման վեճերում,
  • ծնողական իրավունքների իրականացման և երեխայի հետ շփման կարգի սահմանման հարցերում,
  • ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքերում։

Նշված դեպքերում դատարան դիմելուց առաջ պարտադիր է հաշտարարության փուլ անցնել, բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ իրավիճակների։

 ԵՐԲ ՉԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պարտադիր հաշտարարություն չի կիրառվում, եթե՝

  • կողմերից որևէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից.
  • կողմերից մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվել մյուս կողմի կամ նրա զավակի, ծնողի, պապի կամ տատի, եղբոր կամ քրոջ նկատմամբ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար.
  • կողմերից մեկը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ կրում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:

 Ո՞Վ Է ՀԱՇՏԱՐԱՐԸ

Հաշտարարը՝

  • անկախ և անկողմնակալ մասնագետ է,
  • չի ներկայացնում կողմերից որևէ մեկի շահերը,
  • չունի շահագրգռվածություն վեճի ելքի նկատմամբ,
  • նպաստում է կողմերի միջև փոխադարձ համաձայնության ձևավորմանը։

Հաշտարարությունը կարող է իրականացվել՝

  • մեկ կամ մի քանի հաշտարարի կողմից,
  • կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության միջոցով,
  • անհրաժեշտության դեպքում՝ նաև առցանց ձևաչափով։

 ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Հաշտարարությունը սկսվում է միայն այն դեպքում, երբ կողմերի միջև կա գրավոր համաձայնություն։

Այդ համաձայնությունը կարող է լինել՝

  • առանձին պայմանագիր,
  • կամ պայմանագրի մեջ նախատեսված հատուկ կետ (հաշտարարական վերապահում)։

Համաձայնությունը պարտադիր պետք է պարունակի՝

  • համաձայնության կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.
  • կողմերի անունները (անվանումները), նրանց հասցեները.
  • տեղեկություններ այն իրավահարաբերության վերաբերյալ, որից բխող վեճը պետք է լուծվի հաշտարարությամբ, կամ վեճի առարկան:

Առանց այս պահանջների համաձայնությունը իրավական ուժ չունի։

 ԻՆՉՊԵ՞Ս Է ԸՆՏՐՎՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐԸ

Եթե կողմերը չեն համաձայնում հաշտարարի ընտրության հարցում՝

  • հաշտարարին նշանակում է Արդարադատության նախարարությունը՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։

ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

Հաշտարարությունը կարող է ավարտվել, եթե՝

  • կողմերի միջև կնքվում է վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն.
  • հաշտարարը հայտարարում է այնպիսի հանգամանքների առկայության մասին, որոնք բացառում են վեճը հաշտարարության միջոցով լուծելու հնարավորությունը.
  • կողմերի միջև առկա է համաձայնություն առանց հաշտության համաձայնություն կնքելու հաշտարարության գործընթացի ավարտման վերաբերյալ.
  • կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է առանց հաշտության համաձայնություն կնքելու հաշտարարության գործընթացի ավարտման ցանկության մասին.
  • կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է հաշտարարության գործընթացին մասնակցելուց հրաժարվելու մասին.
  • կողմը հաշտարարին թեև գրավոր չի հայտնում հաշտարարության գործընթացին մասնակցելուց հրաժարվելու մասին, սակայն առանց հարգելի պատճառի հրաժարվում է մասնակցել հաշտարարության առաջին հանդիպմանը.
  •  հաշտարարության իրականացման ընթացքում ի հայտ է եկել սույն օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանք կամ փոխկապակցվածության հիմք, և սույն օրենքով սահմանված կարգով հաշտարարը և կողմերը չեն որոշել անտեսել այդ հիմքը.
  • հաշտարարը հայտարարում է երեխայի լավագույն շահի պաշտպանության նպատակով հաշտարարության ավարտման անհրաժեշտության մասին:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

  • Հաշտարարությունը ոչ թե դատական գործընթաց է, այլ համագործակցային լուծում գտնելու մեթոդ։
  • Այն հնարավորություն է տալիս խուսափել երկարատև դատական վեճերից։
  • Որոշ ընտանեկան վեճերում այն հանդիսանում է պարտադիր նախնական փուլ։
  • Հաշտարարի նպատակը լուծում պարտադրելը չէ, այլ՝ կողմերին համաձայնության հասցնելը։

Հաշտարարության ինստիտուտը կարգավորվում է «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որն սահմանում է հաշտարարության իրականացման կարգը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև գործընթացի կազմակերպման իրավական հիմքերը– տեղեկացնում է Iravaban.net–ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment