Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի. Միխայիլ Կալուգին

Հարավային Կովկասում գործընթացների զարգացումից մեծապես կախված է նաեւ իրավիճակը Հյուսիսային Կովկասում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ չորրորդ` ԱՊՀ երկրների վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մի խոսքով՝ Հարավային Կովկասը մեզ համար կենսական նշանակություն ունի»,- ամփոփել է դիվանագետը։

Նա նշել է, որ Ռուսաստանի ոչ միայն հարեւան է, այլեւ «ինքն է կովկասյան տերություն»։

«Տարածաշրջանի բոլոր պետությունների հետ մեզ կապում են ամենասերտ պատմական եւ մշակութային կապեր։ Հինգ հանրապետություններից [նաեւ ՌԴ կողմից ճանաչված Աբխազիան եւ Հարավային Օսիան] չորսի հետ հաստատված են դաշնակցային հարաբերություններ։ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի համար Ռուսաստանը առեւտրային գլխավոր գործընկեր է կամ գլխավորներից մեկն է»,- ասել է նա։

Ըստ Կալուգինի` ինչը նպաստում է տարածաշրջանի բարգավաճմանը, նպաստում է նաեւ Ռուսաստանի բարեկեցությանը։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան հետեւողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում զինված հակամարտությունների դեմ, աջակցում է շրջափակումների վերացմանը, ակտիվորեն աշխատում տարածաշրջանային փոխկապակցվածության ընդհանուր ճարտարապետության կառուցման ուղղությամբ։

«Հենց այդ պատճառով 2020 թվականին Վլադիմիր Պուտինը անձնական ջանքեր էր գործադրում՝ դադարեցնելու արյունահեղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Այդ ժամանակ էլ դրվեցին Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացի հիմքերը։ Գործընթացն արդեն մի քանի փուլ է անցել, բայց, միեւնույն է, շարունակում է ընթանալ այն ճանապարհային քարտեզի շրջանակում, որը մշակվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Կալուգինը։

Leave a Comment