Նոր կրթություն, նոր մտածողություն․ԱԲ ծրագրի առաջին շրջանավարտները Հայաստանում. «Դպրություն»

Արհեստական բանականությունը փոխում է աշխարհը, և կարևոր է, որ կրթությունը նույնպես համընթաց քայլի այդ փոփոխություններին։

Հայաստանում առաջին անգամ դպրոցականները ավարտել են արհեստական բանականության ուղղությամբ ուսումնառությունը՝ դառնալով այս ոլորտում կրթություն ստացած առաջին աշակերտական սերունդը։ Դեռևս 2023-ից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համատեղ ներդնում են ԱԲ կրթությունը հանրակրթական համակարգում՝ թույլ տալով աշակերտներին որպես առօրյա դասացանկի մաս, անցնել խորացված հանրահաշիվ, Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականություն։ 

Նորարարական ծրագրերի դեպքում ամենամեծ մարտահրավերը սովորաբար համակարգի փոփոխությունն է։ Եվ, չնայած մարտահրավերներին՝ ծրագիրը կարողացել է ձևավորել առաջին հաջողված փորձը և հետաքրքրություն առաջացնել աշակերտների շրջանում։

Կրթության ամենակարևոր արդյունքը հաճախ այն է, թե ինչ է փոխվում մարդու մտածողության մեջ։ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը ոչ միայն տեխնիկական գիտելիքներ է տվել, այլ նաև օգնել է աշակերտներին ավելի վստահ պատկերացնել իրենց ապագան։  Նրանք վստահ են՝ ամենակարևորը հետաքրքրասիրությունն ու չվախենալն է նոր տեխնոլոգիաներից։

Այս ծրագիրը ստեղծվել է՝ դպրոցականներին վաղ տարիքից տեխնոլոգիական գիտելիքներով զինելու և ապագայի մասնագիտություններին պատրաստելու նպատակով։ Եվ ուսուցումը միայն տեսական չի եղել։ Աշակերտները աշխատել են իրական նախագծերի, ալգորիթմների և թվային գործիքների հետ։

Հայաստանի 7 մարզի 14 ավագ դպրոցներից «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի 207 շրջանավարտ ստացել են իրենց ավարտական հավաստագրերը։ Եվ, թերևս հենց այս երիտասարդներն են լինելու այն մասնագետները, ովքեր վաղը կստեղծեն նոր տեխնոլոգիական լուծումներ Հայաստանում և աշխարհում։

«Դպրության» տաղավարում են «ԱԲ սերունդ» ծրագրի համակարգող Լիլիթ Իշխանյանը, Հրազդանի Հ. Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Նովելլա Մելքումյանը և Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Գագիկ Մարտիրոսյանը։ 

Leave a Comment