Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են վերադարձել, քանի որ հանրահավաքներին քիչ մարդ է հաջողվել հավաքել, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ)կուսակցության իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Կապանում կայացած ամփոփիչ հանրահավաքի համար գործի էր դրվել ողջ մարզային իշխանությունն ու վարչական ռեսուրսը։ Համայնքապետերն ու վարչական ղեկավարները «տիտանական աշխատանք» էին կատարել՝ պարտադրելով պետական հիմնարկների աշխատողներին ներկայանալ հանրահավաքին, գրել է թերթը։
Չնայած բոլոր համայնքներից մարդկանց փոխադրման կազմակերպմանը և Կապանի հրապարակում առնվազն 10 հազար քաղաքացու ակնկալով մասնակցությանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հաշվարկով, հավաքվել էր ընդամենը 2,180 մարդ։ Սա այն դեպքում, երբ միայն Կապանի բնակչությունը կազմում է շուրջ 46 հազար։
Թերթը համեմատության համար նշել է, որ նույն Իոաննիսյանի հաշվարկներով՝ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկին «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ներկա էր գտնվել 5,650 մարդ։
«Իրավունք» թերթն էլ գրել է, որ Գորիս կատարած այցից հետո Փաշինյանը խիստ նկատողություն է արել նախկին ոստիկան, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ դժգոհություն հայտնելով նրա ազդեցության մակարդակից և հորդորելով շնորհակալ լինել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, քանի որ հավաքվածներն իրականում եկել էին վերջինիս համար։
Պարբերականը նաև հավելել է, որ Խաչատրյանին սեփական թիմում ևս լավ չեն վերաբերվում՝ հիշեցնելով նրա անցյալը Ճանապարհային ոստիկանությունում և նշելով, որ հեղափոխության օրերին նա որևէ մասնակցություն չի ունեցել, սակայն այսօր հայտնվել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հիսնյակում։
Բացի այդ, «Հրապարակը» տեղեկացրել է, որ երբևէ քաղծառայողներին այս աստիճան ներգրավված չեն նախընտրական գործընթացների մեջ։ Այս անգամ նրանց ներգրավում են նույնիսկ նախընտրական շտաբների աշխատանքներում. ոմանց ստիպում են այցելել Երևանի վարչական շրջաններ, շփվել բնակչության հետ և քարոզչություն իրականացնել ՔՊ-ի օգտին, գրել է թերթը։
Պարբերականը հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ արգելում է պետական և համայնքային ծառայողներին, ինչպես նաև ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմին՝ իրենց լիազորություններն իրականացնելու ժամանակահատվածում նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել։
Հայաստանում մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկել են հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Իշխող ուժն իր քարոզարշավը սկսել էր Սյունիքի մարզի համայնքներ կատարած այցերով։ Մայիսի 8-ին հանդիպումներ էին կայացել Սիսիանում և Գորիսում, մայիսի 9-ին կազմակերպվել էր Կապանի հանրահավաքը։
