Թալին համայնքապետի վերաբերյալ հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ արձագանքելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումներին:

Համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով, և «անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված», – ասված է Հակակոռուպցիոնի մամուլի քարտուղարի հաղորդագրությունում:

Քննարկվող դեպքում, ըստ Մարինա Օհանջանյանի, Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը. – «Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար: Ավելին՝ որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը»:

Բացի այդ, ըստ Հակակոռուպցիոնի, հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում «առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում 61-րդ հորիզոնականը զբաղեցնող Թալինի համայնքապետի կողմից բարեգործության արգելքը խախտելու մասին ահազանգել էին դիտորդները: Տավրոս Սափեյանը հերքում է այդ պնդումները:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment