Մայիսի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Կարոլին Սենտ-Հիլերի հետ։
Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցներն անդրադարձել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև քննարկել ընթացիկ և առաջիկա ծրագրերը։
Դեսպանը ներկայացրել է 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը` վերահաստատելով Խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է օրերս Հայաստանում հյուրընկալած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի արդյունքներին։