Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Եվրոպայի հետ հնարավոր բանակցություններում որպես միջնորդ դիտարկելու Մոսկվայի առաջարկը Բեռլինում և Բրյուսելում միանշանակ չի ընդունվել։ Եվրոպացի առաջնորդները թեկնածությունը լավագույնը չեն համարում՝ ընդգծելով ՌԴ գործող նախագահի և Գերմանիայի նախկին կանցլերի մտերիմ հարաբերությունները։ Միջնորդը չի կարող Պուտինի ընկերը լինել՝ նշում են գերմանացի պաշտոնյաները, միևնույն ժամանակ ընդգծում, որ Եվրոպան պետք է օգտագործի բանակցելու բոլոր, անգամ փոքր հնարավորությունները։
Վերլուծաբանների մի մասը կասկածի տակ է դնում Մոսկվայի և Բրյուսելի միջև եվրոպական անվտանգության հարցերով հնարավոր բանակցություններում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի արդյունավետությունը, մյուս մասը կարծում է, որ Եվրոպան պետք է օգտագործի խաղաղության հասնելու յուրաքանչյուր հնարավորություն, գրում է The guardian-ը։
Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին հայտարարել է, որ եթե ԵՄ-ն ցանկանում է բանակցել եւ միջնորդներ է փնտրում, ապա Գերմանիայի նախկին կանցլերը կարող է լավ թեկնածու լինել։ Դրանից առաջ Financial Times-ն էր գրել, որ ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր բանակցությունների։
Գերմանացի պաշտոնյաները սառն են արձագանքել Պուտինի անակնկալ առաջարկին։ Ոմանք այն դասել են Մոսկվայի «կեղծ առաջարկների» շարքում՝ France Presse-ին հայտնել են կառավարության աղբյուրները: Գործակալության այլ աղբյուրների կարծիքով էլ ՝ Մոսկվայի մտադրությունների անկեղծության փորձաքար կարող է դառնալ եռօրյա զինադադարի երկարաձգումը։
82-ամյա Շրյոդերը, պաշտոնը թողնելուց հետո, շարունակել է մտերիմ հարաբերությունների մեջ մնալ ՌԴ նախագահի հետ՝ հեռու մնալով արևմտյան առաջնորդների մեծ մասից։
Միջազգային մամուլը հիշեցնում է, որ նա նախկինում կարևոր դերակատարում է ունեցել ռուսական էներգետիկ նախագծերում, օրինակ՝ «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքներում, մինչև 2022-ը կարևոր պաշտոն է զբաղեցրել ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության տնօրենների խորհրդում։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Tagesspiegel-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե միջնորդը «չի կարող Պուտինի ընկերը լինել»։ Նրա կարծիքով՝ ցանկացած միջնորդ առաջին հերթին պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համար։
«Ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ մենք չենք կարող դա որոշել Կիևի անունից»։
Կուսակցության մյուս անդամներն ավելի սուր են արտահայտվել։
Der Spiegel-ի փոխանցմամբ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ադիս Ահմետովիչը խորհրդարանում ասել է, որ առաջարկը պետք է մանրամասնորեն քննարկվի եվրոպացի գործընկերների հետ։ Կուսակցության մեկ այլ ներկայացուցչի՝ Ռալֆ Շտեգների կարծիքով էլ՝ Եվրոպան պետք է օգտագործի բոլոր, անգամ փոքր հնարավորությունները, եթե չի ուզում, որ Պուտինը և Թրամփը միայնակ որոշեն Ուկրաինայի ապագան։
Գերմանացի որոշ պատգամավորներ էլ նկատել են, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաստատված հրադադարը լրջորեն խախտվել է։ Ի դեպ, կողմերը միմյանց մեղադրել են համաձայնությունները չպահպանելու մեջ։
ՌԴ նախագահի առաջարկին արձագանքել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը։
«Եթե մենք Ռուսաստանին իրավունք տանք մեր անունից բանակցող նշանակել, դա շատ իմաստուն քայլ չի լինի: Բացի դրանից՝ Գերհարդ Շրյոդերը նախկինում լոբբինգ է իրականացրել ռուսական պետական ընկերությունների օգտին: Եվ պարզ է, թե ինչու է Պուտինը ցանկանում, որ նա նա միջնորդ լինի, որպեսզի իրականում նա նստած լինի սեղանի երկու կողմերում»:
Այս ընթացքում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները շուտով կայցելեն Մոսկվա՝ երկխոսությունը շարունակելու նպատակով։ Նա կրկնել է Մոսկվայի այն թեզը, որ առանց Դոնեցկի տարածքից ուկրաինական ԶՈՒ-ի ամբողջական դուրսբերման, բանակցություններում որևէ էական առաջընթացի հասնել հնարավոր չէ։
Անդրադառնալով Պուտինի հետ ԵՄ առաջնորդների հնարավոր բանակցություններին՝ Կայա Կալլասը մի քանի նախապայման էր առանձնացրել։
«Մինչև քննարկումներ սկսելը պետք է հստակեցնենք, թե ինչի մասին ենք ուզում խոսել ռուսների հետ։ Առաջիկայում սպասվում է արտաքին գործերի նախարարների համդիպում, որտեղ կքննարկենք սեղանին դրված առաջարկները։ Եվրոպական անվտանգության խնդիրն այն է, որ Ռուսաստանը անընդհատ հարձակվում է իր հարևանների վրա։ Պետք է պարզենք, թե ինչպես կարող ենք կանխել սա։ Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են զիջումներ նաև ռուսական կողմից։ Իհարկե, կան շատ հարցեր, որոնք կապված են մեր պահանջների հետ ՝ կայուն և խաղաղ Եվրոպա ունենալու համատեքստում»։
Մինչ եվրոպացի առաջնորդները մտածում են, ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքները զգացվում են հարակից տարածքներում։ Մայիսի 10-ին հրաժարական է տվել Լատվիայի պաշտպանության նախարարը անօդաչուների միջադեպի պատճառով։ Ավելի վաղ Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան պահանջել էր ՊՆ հրաժարականը՝ նշելով, որ պաշտպանության նախարարը կորցրել է իր և հանրության վստահությունը։
Ըստ վարչապետի՝ հակաօդային համակարգերը բավականաչափ արագ չեն արձագանքել ներխուժմանը։
Մի քանի օր առաջ Լատվիայի օդային տարածք էին մտել անօդաչու սարքեր, որոնք, ըստ նախնական տվյալների, ներթափանցել էին Ռուսաստանի հետ սահմանի կողմից։ Դրանցից մեկն ընկել էր նավթի պահեստավորման օբյեկտի տարածքում, հրդեհ էր բռնկվել, որն արագ մեկուսացվել էր։
Միջադեպից հետո Լատվիան և Լիտվան դիմել են ՆԱՏՕ-ին՝ տարածաշրջանում հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու հարցով։