«Ռեալը» թիմի կիսապաշտպաններ Օրելիեն Չուամենիին և Ֆեդերիկո Վալվերդեին խոշոր չափով տուգանել է ծեծկռտուքի պատճառով։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բախման հետևանքով ուրուգվայցի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 10-14 օրով:
««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի դեմ հարուցված կարգապահական գործի շրջանակում երկու ֆուտբոլիստներն էլ ներկայացել են հարցաքննության:
Խաղացողները խորը ափսոսանք են հայտնել կատարվածի կապակցությամբ և ներողություն են խնդրել միմյանցից: Նրանք ներողություն են խնդրել նաև ակումբից, թիմակիցներից, մարզչական շտաբից և երկրպագուներից՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը կրելու ցանկացած պատիժ, որն ակումբը նպատակահարմար կգտնի:
Այս կապակցությամբ «Ռեալը» որոշում է կայացրել յուրաքանչյուր խաղացողի նկատմամբ կիրառել 500 հազար եվրոյի չափով տուգանք՝ դրանով իսկ եզրափակելով ներքին ընթացակարգերը»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ: