Սոցիալական ծախսերի ընդլայնում․ հարկային օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխություններ

Iravaban.netուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Ի՞նչ կարգավորումներ են նախատեսվում

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի փոփոխություն.

2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

Հոդված 147.1 Սոցիալական ծախսերը

  • Սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) իր և իր ընտանիքի անդամների համար կատարված առողջապահության, կրթության, բնակարանային ապահովության ծախսերը, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին կամ զանգվածային լրատվության միջոցներին անհատույց փոխանցված դրամական միջոցները։
  • Սոցիալական ծախսերի առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը, փոխհատուցման առավելագույն չափերը, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ցանկը սահմանում է Կառավարությունը։

Օրենքի ուժի մեջ մտնելը և կիրառումը

  • Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո կատարված՝ ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին ուղղված անհատույց փոխանցումների նկատմամբ։
  • Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի նպատակը ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձի գործող համակարգի շրջանակում սոցիալական ծախսերի ինստիտուտի ընդլայնումն է՝ ներառելով նաև ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին կատարվող ֆինանսական աջակցությունը։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Հայաստանում արդեն գործում է եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի համակարգ, որի միջոցով քաղաքացիները կարող են վերադարձ ստանալ առողջապահության և կրթության ոլորտներում կատարված ծախսերից։

Միևնույն ժամանակ, ներկայումս օրենսդրորեն հստակ կառուցակարգեր չկան, որոնք թույլ կտան քաղաքացիներին հարկային արտոնություններով խրախուսել ոչ առևտրային կազմակերպություններին և լրատվամիջոցներին ուղղված ֆինանսական աջակցությունը։

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. 

Նախագծով առաջարկվում է՝

  • ընդլայնել սոցիալական ծախսերի շրջանակը՝ ներառելով նաև ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին կատարվող փոխանցումները,
  • սահմանել, որ տվյալ ոլորտների ցանկը հաստատելու է Կառավարությունը,
  • ստեղծել իրավական հիմք՝ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների ֆինանսական կայունության խթանման համար։

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը 

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, սակայն կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի որոշակի աճի՝ վերադարձվող հարկային գումարների ավելացման հաշվին։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության ուղղություններից, մասնավորապես՝ եկամուտների հայտարարագրման համակարգի զարգացման և սոցիալական խրախուսման մեխանիզմների ներդրման նպատակներից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`

  • ձևավորել նոր ֆինանսական խրախուսման գործիքներ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար,
  • խթանել ոչ առևտրային ոլորտի կայուն ֆինանսավորումը,զարգացնել հարկային համակարգի սոցիալական ուղղվածությունը։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment