Երաշխավորություն՝ ի՞նչ պետք է իմանալ նախքան երաշխավորության պայմանագիր ստորագրելը

Որպես կանոն երաշխավորի դերում հանդես գալը նշանակում է այլ անձի պարտավորության համար պատասխանատվություն կրել։ Սակայն շատերը չգիտեն, որ օրենքը սահմանում է երաշխավորի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այն պայմանները, երբ երաշխավորը կարող է ազատվել պատասխանատվությունից։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-382-րդ հոդվածները սահմանում են երաշխավորության կանոնները։

Ի՞նչ է երաշխավորության պայմանագիրը

Օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար։

Օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն ծավալը՝ գումարային արտահայտմամբ, ինչպես նաև այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը։

Պայմանագրի ձևը

Օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր։ Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է երաշխավորության պայմանագրի անվավերությանը։

Երաշխավորի պատասխանատվություն

Օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով։

Օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով, և միաժամանակ առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝

  • երաշխավորն ու պարտապանը նույն ընտանիքի անդամներ են,
  • երաշխավորը պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ մասնակից կամ բաժնետեր է,
  • երաշխավորը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու է,
  • երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր։

Օրենսգրքի 377-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին։

Օրենսգրքի 377-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացվելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել իր պարտավորությունն այդ պահանջն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ ներկայացրած պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ։

Երաշխավորի ծառայությունների վարձատրություն

Օրենսգրքի 378-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորը պարտապանին մատուցած ծառայությունների համար ունի վարձատրության իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։

Առարկելու իրավունք

Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը։

Օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երաշխավորը պարտավոր է մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելը, այդ մասին նախազգուշացնել պարտապանին։

Պարտավորությունը կատարած երաշխավորի իրավունքներ

Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ՝ որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը։ Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները։

Պարտապանի տեղեկացման պարտականություն

Օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը կատարած պարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել երաշխավորին։

Երաշխավորության դադարում

Օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությունը դադարում է՝

  • դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում,
  • երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար,
  • եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը,
  • երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով։

Ուշադրություն. երաշխավորության պայմանագիրը պետք է լինի գրավոր, հակառակ դեպքում անվավեր է։ Բանկից կամ վարկային կազմակերպությունից վարկի համար երաշխավորություն տալիս պայմանագրում պարտադիր նշվում է պատասխանատվության առավելագույն ծավալը և ժամկետը։ Երաշխավորը, որպես կանոն, կրում է սուբսիդիար պատասխանատվություն, սակայն որոշ դեպքերում՝ համապարտ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Iravaban.net-ին։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։






Կարդացեք նաև՝


Leave a Comment