Հայաստանի եվրոպական շրջադարձն ու Մոսկվայի «կարմիր գծերը»

Հայաստանի եվրոպական շրջադարձն ու Մոսկվայի «կարմիր գծերը»

2026 թ. մայիսի 4-5-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներն ամրագրեցին Հայաստանի կապակցումը միավորված Եվրոպայի ենթակառուցվածքային համակարգերին։ Երևանում ստորագրված «Հայաստան-Եվրոպական միություն գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարությունը» վերահաստատեց Բրյուսելից Հայաստանին ուղղված 270 մլն եվրոյի դրամաշնորհային փաթեթը և 30 մլն եվրոյի ոչ մահաբեր ռազմական աջակցությունը։ Սակայն ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է ոչ թե պարզապես ֆինանսական օգնություն, այլ ինտեգրում եվրոպական ենթակառուցվածքային ցանցերին՝ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) ռազմավարության ներքո։

Այս տեսակետից լրացնող նշանակություն ունեին ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարությունը և «ԵՄ-ում/ԵՏՏ-ում/Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումների իրականացման հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավեր»-ի հաստատումը։ Դրանք նախատեսում են Հայաստանի էներգետիկ և թվային համակարգերի ուղղակի միացում ԵՄ ցանցերին և նախանշում են Հայաստանում ԵՄ տարածքի ընկերությունների կողմից մասնավոր ներդրումների նոր մեխանիզմներ ու հարթակներ։ Տնտեսական դիվերսիֆիկացիայի այս սխեման դիտարկվում է որպես մեկ կենտրոնից Հայաստանի կախվածությունը թոթափելու միջոց։ Այդ նպատակով, օրինակ, «Հետաքրքրության հայտերի հրավերով» ԵՄ-ն հստակ սահմանում է, որ ներդրումային ծրագրերին կարող են մասնակցել միայն այն ընկերությունները, որոնց սեփականատիրական կառուցվածքը թափանցիկ է։ Սա «զտող» չափորոշիչ է, որն ուղղակիորեն սահմանափակում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կապիտալի մուտքը եվրոպական ֆինանսավորմամբ իրականացվելիք նախագծեր։

Պետք է ընդգծել, սակայն, որ ԵՄ-ն, նման հավակնոտ պլաններ գծելով տնտեսական և հաղորդակցային բաղադրիչներում, զգուշավոր է մնում Հարավային Կովկասում անվտանգային հանձնառությունների հարցում։ Փաստաթղթերում բացակայում են անվտանգային կոնկրետ երաշխիքները. հավանաբար համարվում է, որ դա պատվիրակված է ԱՄՆ-ին՝ TRIPP-ի և հայ-ադրբեջանական խաղաղության ինստիտուցիոնալացման հարցում Վաշինգտոնի ստանձնած դերակատարությանը։ Պատահական չէ, որ համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդգծում են թե՛ TRIPP-ի ինտեգրացիոն կարևոր նշանակությունը և թե՛, անուղղակիորեն, ամերիկյան տարաշրջանային ներկայությունը։

Դիվանագիտական լարախաղացություն

Ուշագրավ է, որ Հայաստանը, ձգտելով ձևակերպել ԵՄ ինտեգրման ուղղությամբ իր իսկապես հավակնոտ ծրագրերը, միաժամանակ խուսափել է աշխարհաքաղաքական սուր անկյուններից ու հատկապես ՌԴ-ի «կարմիր գծերը» հատելուց։ Դիվանագիտական այդ մանևրը դրսևորվել է երեք հիմնական կետում։

Առաջինն ուկրաինական պատերազմն է։ ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարությունն անդրադարձ է կատարում ուկրաինական ճգնաժամին, ինչը Բրյուսելի սկզբունքային դիրքորոշման արգասիքն է։ Սակայն հայտարարության 8-րդ կետում կոնկրետ Ուկրաինայի դեմ «Ռուսաստանի ագրեսիան» դատապարտող ձևակերպումները հնչում են որպես ԵՄ առանձին դիրքորոշում. այսինքն՝ այդ կտրվածքով Հայաստանը պարզապես հանդես է գալիս որպես հաղորդակից դարձող՝ առանց դրան պաշտոնապես միանալու։

Երկրորդ կետը ԵՄ անդամակցության հեռանկարի լղոզումն է։ Ընդունված որևէ փաստաթղթում որևէ ակնարկ չկա ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անգամ հեռահար նպատակ ամրագրելու մասին։ Այնտեղ խոսքը վերաբերում է միայն ԵՄ-ին Հայաստանի «մոտարկմանը»։ Սա «բովանդակություն՝ ձևի փոխարեն» մարտավարությունն է։ Երևանն ու Բրյուսելը գիտակցում են, որ ԵԱՏՄ անդամ լինելով՝ անդամակցության հայտը կլիներ քաղաքական ինքնասպանություն Երևանի համար, որին կհաջորդեին տնտեսական կոշտ պատժամիջոցներ ՌԴ-ից։ Մինչդեռ ոլորտային «աստիճանական ինտեգրման» ուղին թույլ է տալիս Հայաստանին աստիճանաբար ներգրավվել ԵՄ միասնական շուկայում՝ պաշտոնապես չխզելով կապերը ԵԱՏՄ-ի և արևելյան կառույցների հետ։

Երրորդ՝ համատեղ հայտարարության 35-րդ կետով, առանց թիրախ նշելու, խոսվում է ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու և խափանելու մասին։ Մասնավորապես նշվում է երկակի նշանակության ապրանքների և մարտական գործողությունների ընթացքում կիրառվող զգայուն պարագաների առևտուրը և վերաարտահանումը մշտադիտարկելու, սահմանափակելու և դրանց նկատմամբ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ համատեղ «աշխատելու» մասին: Այստեղ, իհարկե, ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանցումը կանխելու խնդիր ունի։ Սակայն Հայաստանի հանձնառությունների մասով ձևակերպումներն այնքան զգուշորեն են ընտրված, որ ՌԴ-ի համար դժվար է Հայաստանին օբյեկտիվորեն մեղադրել ԵՄ հակառուսական գծի սպասարկման մեջ։

Մոսկվայի պրկված նյարդերն ու հայաստանյան ընտրությունները

Իհարկե, Մոսկվայի արձագանքն ամեն դեպքում չուշացավ։ Բացի այն, որ ՌԴ ԱԳՆ-ն նոտա հանձնեց ՀՀ դեսպանին՝ երևանյան ֆորումին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հակառուսական հայտարարությունների ու, իրենց գնահատմամբ, սպառնալիքների հարթակ տրամադրելու համար, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ հերթական ճեպազրույցում հայտարարեց, թե Հայաստանը չի պահպանել Ռուսաստանի դեմ չգործելու խոստումը՝ վկայակոչելով ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարությունը։

Իրական հողի վրա հակառուսական հանձնառությունների բացակայության պայմաններում նման արձագանքը, սակայն, սպասելի էր։ Մոսկվայի ավանդական կայսերական ընկալումն այն է, որ որքան Երևանը շահում է Արևմուտքի հետ հարաբերություններում, այնքան Ռուսաստանը կորցնում է։ Պետք է հաշվի առնել նաև, որ Հայաստանը թևակոխել է նախընտրական քարոզարշավի փուլ, որտեղ Մոսկվայի նման արձագանքները նպատակ ունեն սնուցելու ներքաղաքական պայքարում հակաիշխանական նարատիվները։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment