Հայաստանի քրեական արդարադատության համակարգում խուզարկության, զննության և անձնական ազատությունների սահմանափակման հարցերը շարունակում են մնալ ամենազգայուն թեմաներից մեկը։ Խոսքը վերաբերում է այնպիսիաա դատավարական գործողությունների, որոնք մի կողմից ուղղված են ապացույցների հավաքմանը, մյուս կողմից՝ անմիջականորեն շոշափում են անձի բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կյանքը և սեփականության իրավունքները։
Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի քրեական դատավարության օրենսդրությունը ընդհանուր առմամբ ապահովում է անհրաժեշտ իրավական երաշխիքներ, սակայն հիմնական խնդիրը մնում է դրանց կիրառման պրակտիկան և վերահսկողության արդյունավետությունը։ Խուզարկության հիմնական երաշխիքներն են՝ դատարանի թույլտվությունը, ընթացքի տեսաձայնագրումը, անձի և նրա ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև խուզարկության և դրա արդյունքների բողոքարկման իրավունքը։
Թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է «ԼԵԳԱԼԻՍՏ» փաստաբանական ընկերության համահիմնադիր, տնօրեն, փաստաբան Հաբեթ Մարտիրոսյանի և «Կոնտրա լեգեմ» փաստաանական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ։