Քանդակը որպես կյանքի ձև․ արվեստագետի ներքին ազատության և ստեղծագործության ճանապարհը

Ի՞նչն է արվեստագետին մղում անընդհատ ստեղծելու, փնտրելու ու վերափոխելու իրականությունը։ Գուցե այդ ուժը ծնվում է այն ներքին ազատությունից, երբ մարդը կարողանում է ամբողջությամբ նվիրվել իր արվեստին և ապրել դրա շնչով։ Քանդակագործի աշխարհում ստեղծագործությունը պարզապես մասնագիտություն չէ, այլ հոգևոր տարածք, որտեղ խոսում են միտքը, զգացմունքը, հիշողությունն ու երազանքը։ Այդ աշխարհում է ձևավորվել հայ քանդակագործի ստեղծագործական ճանապարհը՝ մի ճանապարհ, որտեղ արվեստը դառնում է կյանքի ձև և ներքին գոյության արտահայտություն։

Ծնվելով արվեստագետի ընտանիքում՝ Արմենակ Վարդանյանը մանկուց ապրել է արվեստանոցային միջավայրում։ Նրա հայրը՝ քանդակագործ Երեմ Վարդանյանը, աննկատ ձևավորել է այն միջավայրը, որտեղ ապագա արվեստագետը սովորել է տեսնել նյութի և ձևի գաղտնի կյանքը։ Սկզբում այդ ամենը պարզապես խաղ էր թվում, սակայն ժամանակի ընթացքում կավը դարձավ նրա համար «հոգեհարազատ մի բան»։ Ութերորդ դասարանից հետո նա ընդունվեց Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարան, ապա շարունակեց ուսումը Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետում։

Քանդակագործի համար արվեստը միայն ներշնչանք չէ։ Այն նաև վարպետություն է, ֆիզիկական աշխատանք և նյութի հետ երկխոսություն։ «Բացի ստեղծագործելուց նաև պետք է տիրապետես այդ արհեստի տեխնիկային»,– ասում է նա՝ ընդգծելով, որ քարն, փայտն ու բրոնզը պահանջում են ոչ միայն երևակայություն, այլև փորձ ու գիտելիք։ Նրա համոզմամբ՝ քանդակը տարբերվում է մյուս արվեստներից իր տարածական մտածողությամբ․ այն պետք է «բոլոր կողմերից նայվի» և ներդաշնակ լինի միջավայրի հետ։

Սակայն տեխնիկան արվեստագետի համար երբեք ինքնանպատակ չէ։ Ստեղծագործությունը նրա ներսում ծնվում է զգացողությունից, հաճախ՝ ենթագիտակցությունից։ Գաղափարները գալիս են հանկարծակի՝ երբեմն նույնիսկ երազներում։ Այդ պատճառով նա միշտ իր մոտ պահում է գրքույկ, որպեսզի անմիջապես ֆիքսի ծնվող պատկերները։ «Հենց որ գալիս է, անպայման պետք է ֆիքսես»,– ասում է նա։

Քանդակագործի համար ստեղծագործական ընթացքը մի աշխարհ է, որտեղ մարդը մոռանում է հոգնածության ու ժամանակի մասին։ Նա հիշում է, թե ինչպես է աշխատել տասնյակ տոննա կշռող տրավերտինի վրա և աշխատանքի պահին չի զգացել հոգնածությունը։ Միայն ավարտից հետո է հասկացել, թե որքան ուժ է ծախսել։ Այդ ամբողջ նվիրումը, ըստ նրա, իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ ստեղծագործությունը հասնում է մարդկանց։ «Երբ որ գնահատում են, դա մեծ գնահատական է»,– նշում է քանդակագործը։

Չնայած միջազգային հաջողություններին ու արտերկրում աշխատելու հնարավորություններին՝ արվեստագետը միշտ վերադարձել է հայրենիք։ Նա մասնակցել է Իտալիայի, Գերմանիայի, Բելգիայի և այլ երկրների միջազգային սիմպոզիումների ու մրցույթների, արժանացել մրցանակների, սակայն երբեք չի ցանկացել մշտապես ապրել արտերկրում։ Նրա խոսքով՝ նյութական բարեկեցությունը կարող էր փոխել իր հոգեբանությունն ու ստեղծագործական ազատությունը։

Ազգայինը նրա արվեստում կարևոր տեղ ունի, սակայն նա համոզված է, որ արվեստագետը չի կարող փակվել միայն ազգային շրջանակներում։ «Պետք է անընդհատ հետևես, ուսումնասիրես»,– ասում է նա՝ ընդգծելով համաշխարհային արվեստի հետ կապի կարևորությունը։

Քանդակագործի համար կյանքի ամենամեծ արժեքները միայն արվեստը չեն։ Նա առանձնահատուկ ջերմությամբ է խոսում ընտանիքի, երեխաների և թոռների մասին՝ դրանք համարելով մարդու ամենամեծ ստեղծագործությունները։ Սակայն արվեստը ևս նրա համար «մի երեխա» է, որին պետք է ամբողջությամբ նվիրվել։ «Եթե չես նվիրվում քո գործին, դավաճանում ես իրեն»,– ասում է նա։

«ԶԱրտ» մշակութային նախագիծը շարունակում է ներկայացնել հայ արվեստագետների ներաշխարհները՝ բացահայտելով նրանց ստեղծագործական ուղին, մտածողությունն ու արվեստի նկատմամբ վերաբերմունքը։ Նախագիծը հանդիսատեսին հնարավորություն է տալիս ճանաչելու արվեստագետին ոչ միայն իր աշխատանքների, այլև կյանքի փիլիսոփայության միջոցով՝ ստեղծելով մշակութային կենդանի երկխոսություն։

Ի վերջո, քանդակագործի ստեղծագործական փիլիսոփայության առանցքում ազատությունն է։ «Արվեստը ինձ համար ազատություն է»,– ասում է նա։ Այդ ազատությունն է, որ թույլ է տալիս արվեստագետին ապրել իր ստեղծած աշխարհում, շարունակել որոնել ու երբեք չհամարել, թե արդեն հասել է վերջնակետին։ Նրա համոզմամբ՝ մարդը ավարտվում է այն պահին, երբ դադարում է աճել ու սովորել։ Իսկ արվեստը հենց այդ անընդհատ ընթացքն է՝ դեպի նոր ձևեր, նոր զգացողություններ և նոր ինքնաճանաչում։

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյան է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյան։

Leave a Comment