Հայաստանում ներկայացվել է նոր տեխնոլոգիական նախագիծ՝ Zeyro-ն, որը հեղինակները ներկայացնում են որպես առաջին հայկական արհեստական բանականության հարթակ (Photo, Video)



Հայաստանում ներկայացվել է նոր տեխնոլոգիական նախագիծ՝ Zeyro-ն, որը հեղինակները ներկայացնում են որպես առաջին հայկական արհեստական բանականության հարթակ։ Նախագծի ստեղծողները վստահ են, որ այն կարող է փոխել մարդկանց առօրյան՝ մի շարք թվային ծառայություններ դարձնելով ավելի արագ, պարզ և հարմարավետ։ Նրանց խոսքով՝ Zeyro-ի հիմնական նպատակը մարդկանց ժամանակ խնայելն ու տարբեր ծառայություններից օգտվելը հնարավորինս հեշտ դարձնելն է։




Նախագծի հեղինակը Հրազդանից 12-րդ դասարանի աշակերտ Արման Ասատրյանն է, ով ծրագրավորմամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում մշակված գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները մի պահի հասել են այն մակարդակին, երբ արդեն հնարավոր էր դրանք վերածել իրական պրոդուկտի և կիրառել մարդկանց առօրյայում։

Արմանը պատմում է, որ միայնակ նման մեծ նախագիծ իրականացնելու համար բավարար ռեսուրսներ չուներ, ինչից հետո համագործակցության առաջարկով դիմել է Սամվել Թադևոսյանին։ Նախագծի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքները տևել են մոտ 8-9 ամիս։ Թիմը զբաղվել է սերվերային ենթակառուցվածքների, պայմանագրերի և համակարգի ամբողջական գործարկման աշխատանքներով։


Ստեղծողների խոսքով՝ Zeyro-ն ոչ միայն արհեստական բանականություն է, այլ նաև ծառայությունների ամբողջական էկոհամակարգ։ Հարթակը նախատեսված է տարբեր թվային գործողություններ արագացնելու համար և կարող է անմիջապես կատարել օգտատիրոջ հրահանգները։ Օրինակ՝ համակարգը հնարավորություն է տալիս առանց երկար գործողությունների պատվիրել տաքսի կամ օգտվել այլ ծառայություններից։

Թիմը նշում է, որ ծրագրի առանձնահատկություններից մեկը «0 քլիք» գաղափարն է, որի իմաստն այն է, որ օգտատերը հնարավորինս քիչ գործողություն կատարի ծառայությունից օգտվելու համար։ Նրանց խոսքով՝ հենց այդ գաղափարից էլ առաջացել է Zeyro անվանումը։

Նախագծի խորհրդանիշը զեբրն է։ Ստեղծողները նշում են, որ ընտրությունը պատահական չէ․ այն պետք է լինի միջազգային շուկայի համար հասկանալի և չսահմանափակվի միայն հայկական լսարանով։ Նրանց բնորոշմամբ՝ զեբրը ընկերասեր և աջակցող կենդանի է, իսկ Zeyro-ն նախատեսված է որպես օգտատիրոջ մշտական թվային օգնական։

Հարթակի հեղինակները նաև հայտարարում են, որ Zeyro-ն նախատեսվում է կիրառել ուղևորափոխադրումների ոլորտում՝ առաջարկելով համագործակցության նոր պայմաններ տաքսի ծառայությունների համար։ Ըստ նրանց՝ գործընկերների համար սահմանվել է ավելի ցածր միջնորդավճար, քան ներկայում գործող որոշ շուկայական առաջարկներում։

Այս պահին հավելվածն արդեն հասանելի է ներբեռնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment