«Արարատ-Արմենիան» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից – armeniatoday.am

«Արարատ-Արմենիան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է Հայաստանի պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Նոայի» դեմ վաղը կայանալիք խաղից առաջ նախատեսված շոու-ծրագրի անցկացումը։

Ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ հանդիպմանն ընդառաջ նախատեսված էր երկրպագուների կատարմամբ երգ, նախախաղային շոու, հրավառություն և այլն։ «Արարատ-Արմենիան» արտասահմանյան հայտնի խմբի հետ բանակցությունների արդյունքում ձեռք էր բերել երգի տեղայնացման և կատարման իրավունք։ Ծրագիրը համաձայնեցվել էր նաև մրցակցի՝ «Նոայի» հետ, որն արագ արձագանքել և տվել էր իր համաձայնությունը։

«ՀՖՖ-ին ներկայացվել էր ամբողջ երաժշտական ծրագիրը և նախագծի բոլոր դետալները, սակայն տևական քննարկումից հետո ակումբն ստացավ ՀՖՖ մրցումների բաժնի մերժումը։ Որպես պատճառաբանություն՝ նշվել է, որ նման լայնածավալ միջոցառման անցկացումը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով լարված հանդիպումների մեծ քանակը»,- ասված է հայտարարության մեջ։

Ակումբում, սակայն, համաձայն չեն այս հիմնավորման հետ՝ հիշեցնելով, որ օրեր առաջ նույն թիմերի միջև կայացած գավաթային կիսաեզրափակչում կողմերը միմյանց նկատմամբ առավելագույն հարգանք էին ցուցաբերել, և խաղում որևէ անախորժ դրվագ չէր գրանցվել:

«Ստացվում է՝ իրական պատճառը ոչ թե լարված հանդիպումներն են, այլ փոխվստահության բացակայությունը և այլ չփարատված կասկածներ։ «Արարատ-Արմենիա»-ն, առհասարակ, և, հատկապես, այս մրցաշրջանի ընթացքում կառուցողական աշխատանքի կողմնակից էր: Միջոցառումն արդեն հանրային էր դարձել, և չեղարկումը ենթադրում է նաև բացատրություն»,- ընդգծել են «Արարատ-Արմենիայում»՝ երկրպագուներին հրավիրելով մարզադաշտ և վստահեցնելով, որ հայկական ակումբային ֆուտբոլը կենդանի է անգամ առանց նախախաղային շոուների։

«Արարատ-Արմենիա»-«Նոա» հանդիպումը կկայանա մայիսի 10-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում: Խաղը կմեկնարկի 18:00-ին:

Leave a Comment