
Մոտ մեկ շաբաթ առաջ ՌԴ Ֆինանսների նախարար Սիլուանովը անոնսավորել է, որ նավթի գների բարձրացումից ակնկալվում է 200 միլիարդ դոլարի բյուջետային հավելյան մուտք, բայց միաժամանակ ասել, որ գրեթե նույնքան էլ կնվազեն այլ եկամուտները։ Այսինքն, նավթի բարձր գներից եկամուտները միայն «կփակեն այլ աղբյուրներից կրճատումները»։
Ըստ ռուսաստանյան մամուլի, ուկրաինական պատերազմի մեկ ժամը «արժենում է քսաներկու միլիոն դոլար», իսկ ընդհանուր առմամբ բյուջեի 38 տոկոսը, որ կազմում է 191 միլիարդ դոլար, հատկացված է ռազմական ծախսերին։ Ֆինանսների նախարարության պարզաբանումը, որ բյուջեի դեֆիցիտի պատճառը «ծախսերի առաջընթաց ֆինանսավորումն» է, նշանակում է, որ կառավարությունը առաջնահերթ ֆինանսավորում է պատերազմը։
Սեպտեմբերին Ռուսաստանում պետք է պետական դումայի ընտրություններ անցկացվեն։ Մոտ երկու շաբաթ առաջ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը պետդումայի ամբիոնից հայտարարել է, որ եթե կառավարությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի բարեփոխում չիրականացնի, ապա աշնանը «տեղի կունենա այն, ինչ եղել է 1917 թվականին»՝ ակնարկելով բոլշևիկյան «հեղափոխությունը»։
Բոլշևիկյան «հեղափոխության» հիմնական կարգախոսը «իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելն» էր, որ հանգեցրել է ռազմաճակատի կազմալուծման։ Դժվար է հավատալ, թե կայսրության վերականգնման ջատագով Զյուգանովը Պուտինին ակնարկել է, որ պետք է Ուկրաինայում «պատերազմը դադարեցնել», բայց, երևում է, Ռուսաստանի տնտեսությունը և սոցիալական իրավիճակը փրկելու ամենաիրատեսական հնարավորությունը դա է։