ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդում է, որ Հորմուզի նեղուցում գտնվող թիրախների վրա ամերիկյան նոր հարվածները «Էպիկական ցասում» գործողության մաս չեն կազմում։
«Սա «Էպիկական ցասում» գործողությունից առանձին է», – Հռոմում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Վատիկան և Իտալիա կատարած այցերից հետո՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմական հարվածները։ Ռուբիոյի խոսքերով՝ այդ հարվածները կատարվել են ինքնապաշտպանության նպատակով։ Հետևաբար, Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հնարավոր խախտման վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն Թեհրանին։ «Դուք պետք է դրա մասին հարցնեք իրանցիներին։ Մենք չենք կրակել։ Նրանք կրակ են բացել մեզ վրա», – ասել է արտգործնախարարը։ «Միայն հիմար երկրները չեն պատասխանում, երբ նրանց վրա կրակ են բացում։ Եվ մենք հիմար երկիր չենք», – նշել է Ռուբիոն։ «Մենք պետք է արձագանքենք դրան», – պնդել է նա։
«Կարմիր գիծը հստակ է»։ «Եթե նրանք (իրանցիները – խմբ.) սպառնան ամերիկացիներին, նրանց կհարվածեն։ Ինչպե՞ս կարող եմ ավելի պարզ լինել», – ընդգծել է պետքարտուղարը։ «Մենք կպայթեցնենք այդ նավակները, եթե նրանք մոտենան մեր նավերին։ Ես չգիտեմ՝ դա կարմիր գիծ է, թե ոչ։ Հուսով եմ՝ նրանք դա արդեն հասկացել են», – ավելացրեց Ռուբիոն։
Ավելին, նա ասել է, որ ԱՄՆ-ն սպասում է Թեհրանի պատասխանին Վաշինգտոնի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին մինչև մայիսի 8-ը։ «Մենք այսօր պետք է ինչ-որ բան իմանանք։ Այսինքն՝ մենք սպասում ենք նրանցից պատասխանի։ Կտեսնենք, թե ինչ է պարունակում այդ պատասխանը։ Հույս ունենք, որ սա կարող է մեզ տանել լուրջ բանակցային գործընթացի։ Մենք այսօր ինչ-որ պահի սպասում ենք նրանցից պատասխանի»։ «Մենք դեռ չենք ստացել այն», – հայտարարել է պետքարտուղարը։
Նա նաև կրկնել է, որ Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու մտադրությունները անընդունելի են Միացյալ Նահանգների համար։ «Մենք, անշուշտ, գիշերը տեսանք հաղորդագրություններ այն մասին, որ Իրանը ստեղծել է կամ փորձում է ստեղծել ինչ-որ գործակալություն, որը կվերահսկի նավագնացությունը [Հորմուզի նեղուցում]։ Դա խնդրահարույց կլինի։ Դա իսկապես անընդունելի կլինի», – նշեց Ռուբիոն։