Ռուբիո. Թայվանի հարցը կքննարկվի Թրամփի Չինաստան կատարած այցի ընթացքում

Թայվանի հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Չինաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, սակայն այն այցի կենտրոնական թեման չի լինի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին հայտարարել է Հռոմում՝ Վատիկան և Իտալիա կատարած այցերից հետո լրագրողների հետ զրույցում։

«Հաջորդ շաբաթվա այցի և մասնավորապես Թայվանի համատեքստում ես պարզապես կասեմ, որ ԱՄՆ քաղաքականությունը մնում է անփոփոխ։ Մենք չենք ցանկանում տեսնել որևէ հարկադիր փոփոխություն ներկայիս իրավիճակում, քանի որ կարծում ենք, որ դա անկայուն կլինի աշխարհի համար», – ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը Թայվանի նեղուցում կայունության պահպանումը կարևոր է համարում ամբողջ աշխարհի համար։ «Ես կանխատեսում եմ, որ դա կքննարկվի այցի ընթացքում, բայց չեմ կարծում, որ դա կլինի ուշադրության կենտրոնում, չնայած այն, անշուշտ, կլինի քննարկվող հարցերից մեկը։ Մենք կարծում ենք, որ նեղուցում կայունությունը բխում է Չինաստանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի շահերից», – հավելել է նա։

Leave a Comment