Ադրբեջանի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիների թիվը դատախազությունը ծառայողական գաղտնի տեղեկություն է համարում – ՓԱՍՏԻՆՖՈ

ՀՀ գլխավոր դատախազությունը թաքցնում է՝ Ադրբեջանի կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացու «կապույտ անձնագիր» ունեցող անձանց թիվը։ Միևնույն ժամանակ՝ պարզ չէ, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նրանց՝ արտերկիր մեկնելու դեպքում՝ հնարավոր արտահանձման գործընթացին խոչընդոտելու համար։

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը շինծու հետապնդումներ է իրականացնում մի շարք քաղաքացիների, հատկապես՝ պետականության հիմքերում կանգնած և Արցախյան պատերազմում մեծ ներդրում ունեցած անձանց նկատմամբ։ Ընդ որում, եթե նախկինում խոսվում էր «ցուցակի» մասին, որում կարող են լինել, օրինակ, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, գեներալների անուններ, ապա բոլորովին վերջերս Ադրբեջանի դատախազությունը, հայտնելով Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի լրացման և Արցախի ռազմական-քաղաքական գործիչների դեմ շինծու գործերը դատարան ուղարկելու մասին, անգամ հանդգնել էր կոչ անել ՀՀ-ին՝ համագործակցել իրենց դատախազության հետ։ «Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», – հայտարարել էր ադրբեջանական գերատեսչությունը։ Գլխավոր դատախազությունից պաշտոնապես այդպես էլ չեն արձագանքել հնարավոր առաջարկ ստանալու մասին հարցադրմանը՝ հրաժարվելով մեկնաբանել այն, ինչը հիմք էր տալիս ենթադրելու, որ փաստացի՝ այս պահին Ադրբեջանը կարող է նաև պահանջել՝ արտահանձնել ՀՀ-ում գտնվող Արցախյան պատերազմին մասնակցած անձանց, այդ թվում՝ գեներալներին, երկրորդ և երրորդ նախագահներին, իսկ պատկան մարմիններն անգամ համարձակություն չունեն հրապարակավ արձագանքել։ Դատախազությունը գուցե վստահ չէ՞, որ այս իշխանությունների կողմից կարող է իրապես համաձայնություն տրվել։

Բացի այդ, թեև ՀՀ օրենսդրությունն արգելում է ՀՀ քաղաքացիներին արտահանձնելը, բայց արցախցի մեր հայրենակիցներն անգամ դրանով պաշտպանված չեն, քանի որ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց, որ կապույտ անձնագրերը նրանց քաղաքացիության իրավունք չեն տալիս, մյուս կողմից էլ՝ եթե փախստականի թուղթ ունենալը հիմք է՝ չարտահանձման, ապա, միևնույն է, հարց է մնում, թե քանի ՀՀ քաղաքացու նկատմամբ են ադրբեջանցիները հետապնդում իրականացնում և որքանով են նրանք պաշտպանված արտերկրում։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքացու «կապույտ» անձնագիր ունեցող քանի անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ն՝ Ադրբեջանի կողմից հետախուզվող հայեի ձերբակալություններն արտերկրում և Ադրբեջանին նրանց հանձնումը կանխելու համար, ինչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին և մյուսներին վերադարձնելու համար։ Այս հարցերի պատասխանը դատախազությունը չուներ։

«Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը՝ հայտնում եմ, որ 2024թ․ դեկտեմբերի 19-ի Ձեր հարցմամբ հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ այն հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»,- նշել են դատախազությունից։ Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ սահմանում է, որ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Ինչ վերաբերում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասին, ապա այդ հոդվածի համաձայն՝ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասանելիությունը սահմանափակվում է որոշակի ժամկետով Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև արտաքին հարաբերությունների, քաղաքական և տնտեսական շահերի պաշտպանության նպատակով՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, և սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չէ:

Թե ինչ կապ ունի հետախուզվողների թիվը՝ նշված կարգավորումների հետ, արդյո՞ք նրանք պատշաճ կարգով իրազեկված են՝ ՀՀ սահմաններից դուրս խնդիրների չբախվելու համար՝ պարզ չէ։

Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար առաջնայինը թշնամու ոտնձգությունից ՀՀ քաղաքացու իրավունքների ու շահերի պաշտպանությունը չէ, այլ Ալիեւի հետ բարեկամությունը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment