Բաքվում դժգոհություն են հայտնել ռուսական հեռուստաալիքով Արցախի քարտեզի ցուցադրման համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական կողմին իր դժգոհությունն է հայտնել նաև «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործման համար։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մայիսի 6-ին ռուսական «Первый канал»-ով ցուցադրվող «Время покажет» հաղորդման ընթացքում Ադրբեջանի խեղաթյուրված քարտեզի ցուցադրումը, ինչպես նաև քարտեզի վրա գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության կիրառումը լուրջ սադրանք է և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականությունը խրախուսող նարատիվների տարածումը, չնայած ռուսական կողմի այն հայտարարություններին, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն»։
«Պետական լրատվամիջոցների նման անպատասխանատու և կողմնակալ մոտեցումն անթույլատրելի է։ Մենք ռուսական կողմից ակնկալում ենք հստակ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցների ձեռնարկում՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։