«Տավուշ Տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը հայտնում է միլիոնավոր վնասների և նախաքննական մարմնի անգործության մասին

Սուրեն Երիցյան

2015 թվականին հիմնադրված «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն տարիներ շարունակ համարվել է Տավուշի մարզի խոշոր արտադրական ձեռնարկություններից մեկը՝ մասնագիտանալով արտադրական և շինարարական ոլորտների համար պաշտպանիչ ձեռնոցների, իսկ 2020 թվականից՝ նաև բժշկական դիմակների արտադրության մեջ։ Ընկերության արտադրանքը արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի Հանրապետություն և Ուզբեկստանի Հանրապետություն, իսկ արտադրական հզորությունները տեղակայված են եղել Տավուշի մարզի Արծվաբերդ, Չորաթան, Բերդ և Պառավաքար համայնքներում։

Սակայն ընկերության գործունեության շուրջ այսօր լուրջ մեղադրանքներ են հնչում։ Iravaban.net-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Հաբեթ Մարտիրոսյանը նշեց, որ, ըստ հիմնադիր Սուրեն Երիցյանի՝ ընկերության համար պատասխանատու անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք տարիներ շարունակ ապօրինի տնօրինել են ընկերության միջոցները՝ դրանք օգտագործելով անձնական և ընտանեկան կարիքների համար։

Ինչպես նշվում է, անկախ աուդիտորական ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերության ֆինանսական միջոցները պարբերաբար ծախսվել են այնպիսի նպատակներով, որոնք որևէ առնչություն չեն ունեցել ընկերության տնտեսական գործունեության հետ։ Բացի այդ, ըստ ներկայացված տվյալների, պատասխանատու անձինք իրենց համար սահմանել են հիմնադրի կողմից նախատեսվածից մի քանի անգամ բարձր աշխատավարձեր և այդ կերպ երկար ժամանակ ապօրինի տիրացել ընկերության միջոցներին։

Ընկերության հիմնադրի նախաձեռնած ուսումնասիրությունների արդյունքում առերևույթ արձանագրվել են նաև բեռնափոխադրումների կազմակերպման ընթացքում կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Նշվում է, որ միայն այդ ուղղությամբ ընկերությանը պատճառվել է շուրջ 120 միլիոն դրամի գույքային վնաս։

Սուրեն Երիցյան

Բացահայտված խնդիրները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում։ Ըստ ներկայացված փաստերի՝ խեղաթյուրվել է արտադրանքի ինքնարժեքը, այն արհեստականորեն բարձրացվել է, իսկ հաշվարկները չեն իրականացվել հաստատված նորմատիվների հիման վրա։ Ընկերության պաշարների գնահատման ընթացքում ևս արձանագրվել են խախտումներ, ինչի հետևանքով, նախնական հաշվարկներով, ընկերությանը պատճառված վնասը կարող է կազմել տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Նշվում է նաև, որ ընկերության պատասխանատու անձինք նախապես սահմանել են ցանկալի ինքնարժեք և հետագայում հումքի գները ընտրել այնպես, որպեսզի հաշվարկների արդյունքում ստացվի հենց այդ ցուցանիշը։

Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել է նաև շուրջ 77 միլիոն դրամի ժամկետանց դեբիտորական պարտք, որի վերականգնման ուղղությամբ, ըստ հիմնադրի, որևէ իրավական կամ այլ գործողություն չի ձեռնարկվել։

Սուրեն Երիցյանի գնահատմամբ՝ ընկերությունը փաստացի ղեկավարած անձինք իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ՝ որոշ դեպքերում հանգեցնելով, իսկ որոշ դեպքերում էլ կարող էին հանգեցնել ծանր հետևանքների ընկերության համար։

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ ոչ պատշաճ կառավարման և ընկերության շահերին հակառակ վարքագծի հետևանքով փակվել են Արծվաբերդում և Բերդում գործող արտադրամասերը, ինչի հետևանքով աշխատանքից զրկվել են շուրջ 300 և ավելի աշխատակիցներ։

Վերոնշյալ հանգամանքների վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 11-ին Սուրեն Երիցյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիմնադիրը տվել է մանրամասն ցուցմունքներ, սակայն, նրա պնդմամբ, արդեն շուրջ վեց ամիս տևող նախաքննության ընթացքում որևէ անձի մեղադրանք չի ներկայացվել, իսկ քննությունն, ըստ էության, չի իրականացվում։

Ավելին, քննիչի անգործության դեմ ներկայացված բողոքը հսկող դատախազի կողմից մերժվել է։ Սուրեն Երիցյանի խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում բազմիցս փորձ է արվել հանդիպում ունենալ վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի հետ, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։

Գործի շուրջ իրավապահների հետագա քայլերը դեռևս մնում են անորոշ։

Leave a Comment