Մեզ բաժին էր ընկել խաղն ընդդեմ ՈւԵՖԱ-ի․ Մադրիդի քաղաքապետ

Մադրիդի քաղաքապետ և «Ատլետիկոյի» երկրպագու Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան կարծում է, որ Չեմպիոնների լիգայում իսպանական թիմի պարտության մեղավորն ՈւԵՖԱ-ն է:

Մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոն» նվազագույն՝ 0:1 հաշվով զիջել էր «Արսենալին» և երկու խաղերի արդյունքով դուրս մնացել տիտղոսի համար հետագա պայքարից:

«Երբ տեսա վիճակահանության արդյունքները, մտածեցի, որ մեզ բաժին է ընկել «Արսենալը»: Բայց ես սխալվեցի. մեզ բաժին էր ընկել խաղն ընդդեմ ՈւԵՖԱ-ի: Եվ ՈւԵՖԱ-ն հստակ հասկացրեց, որ չի ցանկանում տեսնել «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում», – Մարտինես-Ալմեյդայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Քաղաքապետը քննադատել է «Ատլետիկո» – «Արսենալ» հանդիպմանը որպես գլխավոր մրցավար, ինչպես նաև VAR-ի մրցավարներ գերմանացիների նշանակելու ՈւԵՖԱ-ի որոշումը.

«Անհասկանալի է գերմանացի մրցավար նշանակելը այն դեպքում, երբ Իսպանիան և Գերմանիան պայքարում են Չեմպիոնների լիգայի 5-րդ ուղեգրի համար։ Կային դրվագներ, որոնք բացատրվում են ոչ թե մրցավարի վատ աշխատանքով, այլ, իմ կարծիքով, կանխապես կայացված որոշմամբ, որն ուղղված էր «Ատլետիկոյին» վնասելուն», – նշել է նա:

Իդեպ խաղի ընթացքում գերմանացի գլխավոր մրցավար Դանիել Զիբերտը 11-մետրանոց չի նշանակել լոնդոնցիների պաշտպանի կողմից մադրիդյան թիմի կիսապաշտպանի նկատմամբ հնարավոր խախտման համար՝ փոխարենը արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Արսենալը» կմրցի ՊՍԺ-ի հետ։

Leave a Comment