Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի համայնքային ծառայության պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսպես.
Ա.Ա.-ը, 2007 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 27-ը հանդիսանալով մշտապես կազմակերպական տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգովածությունից և խմբային շահերից ելնելով, պարտականություն ունենալով ապահովել Երևան քաղաքում անշարժ գույքի արդյունավետ օգտագործում և քաջատեղյակ լինելով ՀՀ կառավարության 2009թ. փետրվարի 5-ի N 172-Ն որոշմամբ սահմանված «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու մասին» կարգի 1-ին կետով սահմանված’ վերջին հինգ տարվա ընթացքում գույքեր օտարած քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու արգելքի մասին, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմանը համապատասխան’ 2016 թվականի ապրիլի 27-ին Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացրել վթարային շենքերի բնակիչներին «Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին» հարցը: Նշված հարցի հիման վրա Երևան քաղաքի ավագանու’ 2016 թվականի ապրիլի 27-ին կայացրած թիվ 515-Ա որոշմամբ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն օտարվել են Լ.Հ.-ին և Ս.Ղ.-ին, ինչի արդյունքում Երևան համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է’ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող, օտարման պահին ընդհանուր 32.500.000 ՀՀ դրամ հավանական շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից:
Ն.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի ավագանու անդամ, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսպես.
Ն.Ն.-ը, 2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ՀՀԿ ընտրական ցուցակից ընտրված լինելով որպես ավագանու անդամ, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի 2013 թվականի հունիսի 11-ի «Երևան քաղաքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» թիվ 2912-Ա-որոշմամբ հանդիսանալով Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 1-Ն որոշման 53-րդ կետի 1- ին ենթակետի համաձայն’ վերջինիս որպես գործունեության ոլորտներ վերապահված լինելով Երևանի բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գույքի կառավարման հարցերը, «Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին» նախագծերի վերաբերյալ որպես գլխադասային հանձնաժողովի նախագահ, քաջատեղյակ լինելով ՀՀ կառավարության 2009թ. փետրվարի 5-ի N 172Ն որոշմամբ սահմանված «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու մասին» կարգի 1-ին կետով սահմանված’ վերջին հինգ տարվա ընթացքում գույքեր օտարած քաղաքացիներին բնակարաններ հատկացնելու արգելքի մասին, 2016 թվականի ապրիլի 27-ին կայացած ավագանու նիստում դրական եզրակացություն է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Ա.-ի կողմից ներկայացված’ «Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին» հարցի վերաբերյալ, որի հիման վրա Երևան քաղաքի ավագանու’ 2016 թվականի ապրիլի 27-ին կայացրած թիվ 515-Ա որոշմամբ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն օտարվել են Լ.Հ.-ին և Ս.Ղ.-ին, ինչի արդյունքում Երևան համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է’ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմինը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող, օտարման պահին ընդհանուր 32.500.000 ՀՀ դրամ հավանական շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ Ա․Ս․-ի նկատմամբ կիրառվել է նաև համակցված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Ա․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով / 2 դրվագ /։
Ն․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: