Ֆրանսիացի հայագետ Ժան-Միշել Թիերիի 110-ամյակին նվիրված ցուցադրություն. «Հայագիտակ»

Ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժնում բացված ցուցադրությունն այս անգամ նվիրված է ֆրանսիացի բժիշկ, հայագետ և բյուզանդագետ Ժան-Միշել Թիերիի կյանքին ու գործին։ Առաջին անգամ 1956 թվականին նա կնոջ հետ այցելել է Թուրքիա, տեսել Նեմրութը։ Լինելով ապահովված ընտանիքի զավակ և ունենալով բարձր վաստակ՝ Ժան-Միշելը, զինված իր ժամանակի լավագույն տեխնիկայով, տիկնոջ հետ ամեն տարի գալիս էր Հայաստան։ Նա չափագրում ու նկարագրում էր բոլոր, անգամ ամենահեռավոր վայրերում գտնվող եկեղեցիները, լուսանկարում էր դրանք՝ իրենց շրջապատով հանդերձ՝ կիրառելով համատեքստային լուսանկարչության մեթոդը։

Խորհրդային իշխանության տարիներին նրանց շատ է օժանդակել Վազգեն Ա կաթողիկոսը, քանի որ օտարազգիների մուտքն այն ժամանակ սահմանափակված էր։ Իրենց ճամփորդական մատյանում նրանք րոպե առ րոպե գրառել են կատարած ամեն քայլը։ Վերջին անգամ 1998 թվականին են այցելել Հայաստան։ Միայն լուսանկարների թիվը հասնում է 100 հազարի։ Ազգային գրադարանի արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Առաքելյանը նշում է, որ Թիերիի արխիվն արդեն թվայնացված է՝ մոտ 32,000 փաստաթուղթ և լուսանկար։

Թիերին ուսումնասիրել է նաև Վանի ու Վասպուրականի հայկական ճարտարապետությունը, իսկ 1991 թվականին ուսումնասիրել, չափագրել ու լուսանկարել է Արցախի եկեղեցիները։ Պատրիկ Տոնապետյանի հետ նա ստեղծել է մի կոթողային աշխատանք, որը մասնագետները համարում են հայկական արվեստի «Աստվածաշունչը»։ Դա 1987 թվականին Փարիզում հրատարակված 900 էջանոց «Հայ արվեստ» գիրքն է, որտեղ զետեղված լուսանկարներից 300-ը հենց Թիերիինն են։ Նույնքան արժեքավոր է նաև հեղինակի «Միջնադարյան Հայաստան» աշխատությունը։

Leave a Comment