Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյան. Շողիկ Գալստյան




 

Ազատություն. Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել, պնդեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:


 


Հայաստանի վարչապետը ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե վախենում է, որ Սամվել Կարապետյանը կարող է կորցնել ամբողջ ունեցվածքը:


 


«Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշել է Փաշինյանը:


 


Հարցին՝ եթե չհաղթեն կվերցնե՞ն մանդատները, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, փոխերանը պնդեց, թե ինքը ընտրություններից հետո կլինի վարչապետ:


 


Կարապետյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն ունի 25 տոկոսի հասնող վարկանիշ. «Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա: Դրա համար մենք հիմա գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություն, բայց մենք վստահ ենք, տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները: Իրենք ուրիշ ձև չունեն, 25 տոկոս ռեյտին ունենալով չեն կարող իշխանություն ունենալ Հայաստանում»:


 


ՀԱԿ-ի հետ չստացված դաշինքի մասին


Թե ինչո՞ւ չստացվեց այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ դաշինքը, Կարապետյանը բացատրեց, թե քննարկումներ շատ ուժերի հետ են ունեցել, բայց նկատել են օրակարգերի որոշակի տարբերություններ և հենց դրա համար էլ չի ստացվել:


 


«Իրենք առաջարկել են իրենց օրակարգը, տեսել ենք, որ դրան մի քիչ չեն համապատասխանում, դրա համար մենք գնացինք մեր ճանապարհով, իրենք գնացին՝ իրենց»:


 


«Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել՝ ինքը փորձառու փ քաղաքական գործիչ է, և, ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները։ Մենք գնալու ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի, և վստահ ենք, որ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը և ձևավորելու ենք կառավարություն», – նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:


 


Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել էին: Չնայած տապալված բանակցություններին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել «Ուժեղ Հայաստանի» և այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ նախընտրական, և՛ հետընտրական փուլում՝ խորհրդարանում կոալիցիա կազմելու և «երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»:


 


Լրագրողների դիտարկմանը՝ «Ձեզ ընկալում են որպես պրոռուսական ուժ, ինչպե՞ս եք բալանսավորված քաղաքականություն վարելուն», Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ բոլոր այն երկրների հետ, որոնցից օգուտ կլինի, կկառուցեն լավ հարաբերություններ:


 


Ինչ վերաբերում է ԵՄ-ին, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն ասաց. «Այնտեղ սփյուռք կա և պարտավոր ենք այդ երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ, որ մարդիկ այնտեղ նորմալ ապրեն։ ցանկացած սխալ պահվածք պետության ղեկավարի կողմից սփյուռքի վրա անդրադառնում է շատ թանկ: Ինչ վերաբերում է ռուսամետությանը, ես չեմ համարում ՌԴ-ին մեզ թշնամի բայց ինձ կարևոր է Հայաստանի շահը»:


 


Նա ընդգծեց, որ «Թուրքիայի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ՀՀ շահերից ելնելով»: «Ես հասկանում եմ, որ հենց բացեցինք սահմանը գյուղատնտեսություն չենք ունենա: Ինձ համար դա չի լինելու կյանքի խնդիր»:


 


Արձագանքելով հարցին՝ թե երկիրը տանելո՞ւ են միութենական պետություն, Սամվել Կարապետյանը ասաց. «Այդ խոսույթներն իրենց մասին են»


 


«Հենց Փաշինյանը վերընտրվի Ադրբեջանի գուբերնիա կդառնանք: Հիմա ինքը Ադրբեջանի մարզպետն է», – նշեց նա:


 


«Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կախված է ՌԴ-ից, ես ուզենամ էլ՝ ավելի բարձր մակարդակի չեմ կարող հասցնել: Իրենք հնարավորություն ունեն մի ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչո՞ւ դուրս չեն գալիս, վախենո՞ւմ են», – հայտարարեց Կարապետյանը:


 


 


 


Leave a Comment