ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամների մի մասը նախընտրական քարոզարշավով պայմանավորված՝ վաղվանից արձակուրդ կմեկնեն։
«Վաղվանից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը, և ես ու կառավարության անդամների մեծ մասը արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա նաև հանձնարարականներ է տվել իրավապահ համակարգին. «Իհարկե, մեր ամենամեծ առաջնահերթությունը ԱԺ ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները։ Եվ, իհարկե, մինչ այս պահը մեր իրավապահ մարմինները ահռելի աշխատանք են իրականացրել, բայց նաև պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվեն ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունները ընտրությունների արդյունքների վրա»։
Վարչապետը հիշեցրել է, որ 2021 թ. պայմաններում կարողացել են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել. «Հիմա առավել ևս վստահ ենք, որ ի վիճակի ենք անել դա, և անպայման կանենք դա, իսկ քարոզարշավի ընթացքի օրինական ապահովումը նույնպես շատ կարևոր է։ Մեր իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն քաղաքական ուժերի քարոզարշավի համար բնականոն պայմաններ ստեղծելու առումով։ Բնականաբար, ՀՀ-ում վաղուց արդեն փակված են դահլիճների, հրապարակների հասանելիության հետ կապված պրոբլեմները»,- ասել է նա։
