Երևանյան երկխոսության շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիի հետ։
Քննարկվել են Հայաստան-ՊԳԿ համագործակցության ընթացիկ օրակարգն ու դրա ընդլայնման հնարավորությունները՝ հատկապես COP17-ի նախապատրաստական գործընթացների համատեքստում։
Նախարարն ընդգծել է, որ բարձր է գնահատում ՊԳԿ շարունակական աջակցությունը՝ գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման, սննդային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև ոլորտային քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակների կատարելագործման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում։
Անդրադարձել են նաև գյուղատնտեսության և կենսաբազմազանության միջև առկա սերտ փոխկապակցվածությանը՝ կարևորելով բնական ռեսուրսների կայուն կառավարման և էկոհամակարգերի պահպանության նշանակությունը։ Նախարարը նշել է նաև, որ վերջերս ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի պայմանագիրը, որը կարևոր քայլ է անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման և տվյալահեն քաղաքականությունների մշակման ուղղությամբ։
«Վստահ եմ, որ առաջիկա COP17 համաժողովը լավ հնարավորություն է՝ համատեղ ձևավորելու գործնական և արդյունքահեն նախաձեռնություններ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության և կլիմայական մարտահրավերների հաղթահարման նպատակներին։
Կարծում եմ՝ COP17-ը կարևոր հարթակ կլինի միջազգային գործընկերների հետ համագործակցությունն առավել գործնական դարձնելու և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ նոր նախաձեռնություններ ձևավորելու համար։»- նշել է նախարարը: