Սպերցյանն ու թիմակիցները դարձյալ չեն խաղա եվրագավաթներում. ՖԻՖԱ-ի վերջնական որոշումը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը և նրա թիմակիցները ռուսական «Կրասնոդարից» առաջիկայում ևս հնարավորություն չեն ունենա հանդես գալու եվրագավաթային խաղարկություններում։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշել է չչեղարկել ռուսական ակումբների և հավաքականների նկատմամբ կիրառված արգելքը, որն ուժի մեջ է 2022 թվականի փետրվարից։

Ռուսական ֆուտբոլային ասոցիացիայի՝ միջազգային մրցաշարերից հեռացման հարցը քննարկվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի Կոնգրեսի ժամանակ։ Որոշվել է որակազրկումը թողնել ուժի մեջ։

Այս որոշման գլխավոր պատճառներից մեկը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի քաղաքականությունն է։ Վերջինս պատրաստվում է առաջադրվել ևս մեկ ժամկետով և չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ուկրաինային աջակցող եվրոպական ասոցիացիաների հետ։ Դեռևս փետրվարին ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել էր, թե ռուսական թիմերի որակազրկումը ցանկալի արդյունք չի տվել, և հանդես էր գալիս Միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարեր նրանց վերադարձնելու օգտին։

Leave a Comment