Ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծմանը» ծրագրի իրականացման համաձայնագիրը, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում մանրամասնեց՝ համաձայնագիրը միտված է ՀՀ-ում անտառների մոնիթորինգի իրականացմանը։
Հայաստանի անտառները, որոնք զբաղեցնում են երկրի ընդհանուր տարածքի մոտավորապես 11 տոկոսը, կենսական նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման, կլիմայի կարգավորման և գյուղական բնակչության կենսապահովման համար։ Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի նկատմամբ տասնամյակներ շարունակ իրականացվող կործանարար գործողությունները, այդ թվում՝ վառելափայտի ոչ կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը, հանգեցրել են էկոհամակարգերի զգալի վատթարացման։
Երկրի տարածքի գրեթե 80 տոկոսում նկատվում են անապատացման նշաններ, մինչդեռ կլիմայական փոփոխության աճը շարունակում է խորացնել ռիսկերն ինչպես էկոհամակարգերի, այնպես էլ դրանցից կախված համայնքների համար։
Հիմնական մարտահրավերներից մեկը վստահելի և արդիական անտառային տվյալների բացակայությունն է։ Հայաստանը 1980-ական թվականներից ի վեր չի իրականացրել անտառների ամբողջական հաշվառում (NFI), իսկ ինչ էլ որ կատարվել է, հիմնված է եղել հիմնականում անտառտնտեսության տվյալների ոչ արդիական մեթոդների, իսկ վերջին տարիներին նաև արբանյակային պատկերների վրա։ Այս մասին իր խոսքում ընդգծեց նաև Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը.
«Շվեյցարիան հպարտորեն աջակցում է Հայաստանին՝ դեպի ավելի կայուն և կլիմայականուն ապագայի ճանապարհին։ ՀՀ անտառները կարևոր են կենսաբազմազանության, գյուղական կենսակերպի և կլիմայի դիմակայության տեսանկյունից։ Հիմնական մարտահրավերը ժամանակակից տվյալների հավաքագրումն է։ Այս համաձայնագրի շրջանակում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կաջակցի կառավարությանը մշտադիտարկման համակարգի ստեղծման գործընթացում՝ ապահովելով հստակ և վստահելի տվյալներ՝ թույլ տալով որոշում կայացնողներին ենթադրություններից անցնել ապացույցների»։
Բաումանի համոզմամբ՝ ծրագրի շրջանակում իրականացված ներդրումը ռազմավարական նշանակություն ունի։ Արդիական տեղեկատվության պակասը սահմանափակել է երկրի կարողությունները՝ ապացույցների վրա հիմնված քաղաքականություններ մշակելու համար։
«Հուսալի տվյալները և ազգային անտառային գույքագրման հզոր համակարգը կարևոր են։ Թեև տվյալների հավաքագրման գործում ֆինանսավորման արդյունքներն անմիջապես տեսանելի չեն, բայց դրանք արդյունք են տալիս երկարաժամկետ կտրվածքով»,- ասում է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն․
«Ծրագրի շրջանակներում ՊԳԿ-ն Հայաստանին է փոխանցում գլոբալ փորձառությունը՝ աջակցելու վստահելի տվյալների համակարգի հաստատմանը։ Առանց դրա շատ դժվար է մշակել արդյունավետ քաղաքականություն և վերահսկել առաջընթացը։ Այս նախաձեռնությունը կմիավորի դաշտային տվյալների հավաքագրումը ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ նպաստելով անտառտնտեսության զարգացման հետևողական մոտեցմանը»։
Համակարգը նաև կիրականացնի անտառվերականգնման, անտառապատման և ագրոանտառային գործունեությունների մոնիթորինգ ամբողջ երկրի տարածքում։ Այն կնպաստի ապօրինի անտառահատումների դեմ պայքարին, էկոհամակարգերի դիմակայունության բարձրացմանը և անտառային ռեսուրսների կայուն օգտագործման խթանմանը։