Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակավայրերում տարիներ առաջ շատ արոտավայրեր կային: Դրանց մեծ մասը վերածվել է խաղողի ու պտղի այգիների: Հայկական ավանդական ծառատեսակներից բացի այդ հողերում աճեցնում են արևադարձային ու մերձարևադարձային պտուղներ։ Ավելացել են նաև ինտենսիվ այգիները:
Բաղրամյան համայնքի Արևադաշտ, Տալվորիկ, Արտամետ, Վանանդ, Շենիկ, Արգինա, Կողբավան գյուղերում հողերի որակը ցածր է։ Դրանք քարքարոտ են և դժվար մշակվող: Հիմա այդ հողերում ընկույզի, պիստակի, նշի, սալորի, դեղձի, ծիրանի և խաղողի այգիներ են՝ ասում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի մոնիթորինգի գլխավոր մասնագետ Արզուման Տոնոյանը:

«Մեր Արմավիրի մարզում ամենաշատը այգեգործական ծրագրեր են իրականացնում՝ մեծ հեկտարներով: 3000 հեկտարից ավելի ինտենսիվ այգիները արդեն գտնվում են իդեալական վիճակում: Բաղրամյանի Արտամետ բնակավայրում մոնիթորինգ ենք արել, այնտեղ 400 հա-ի վրա պիստակ են ուզում տնկել: Այդ հողերն արոտավայրեր են, որտեղ հիմա դրվում են տնկիներ»:

Այգետերերն օգտվում են վարկային տարբեր ծրագրերից։ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի մասնագետները մինչև ծրագրի ավարտը մշտապես լինում են այգիներում, հետևում սահմանված չափանիշների պահպանմանը:

«Չափ ու ձև ենք անում, հեկտարի վրա՝ համապատասխանո՞ւմ է տվյալ տնկման սխեման, չի համապատասխանում, ի՞նչ աշխատանքներ են արվել, համապատասխանո՞ւմ է ծրագրի չափորոշիչին, թե չէ: Ծառերը կպած են, ի՞նչ կպչողականություն ունեն, 85 տոկոսից պետք է բարձր լինեն, որպեսզի համապատասխանի ծրագրի չափորոշիչին»:

Ինտենսիվ այգիների մշակությունը տարբերվում է ավանդականից: Այն մեծ ներդրումներ է պահանջում, բայց եկամուտ ավելի շուտ են ստանում՝ ծառերի արագ աճի ու բարձր բերքատվության շնորհիվ: Ինտենսիվ այգի հիմնելու համար պետք է պահպանել պարտադիր բաղադրիչները՝ ասում է Արզուման Տոնոյանը:

«Ինտենսիվ այգեգործության բաղադրիչներից են՝ ջրավազանը, կաթիլային ոռոգման համակարգը, հակակարկտային ցանցը և ինտենսիվ տնկանյութը՝ ամենակարևորը: Տնկանյութը կենտրոնաձիգ արմատ չպետք է ունենա, այլ փնջաձև արմատային համակարգ և ագրոաշխատանքներ արվեն ինտենսիվ մշակության համար»:

Կաթիլային ոռոգմամբ ջրի ծախսը 3 անգամ նվազում է: Տարիներ առաջ Բաղրամյանում ոռոգման ջուրը սակավ էր, գյուղացիների չարչարանքն էլ՝ անարդյունք: Այդ պատճառով նրանցից շատերը հողերը վաճառեցին և օրավարձով աշխատանք գտան խոշոր հողատերերի մոտ: Հիմա այնտեղ ջրավազաններ կան, որոնք լցվում են Ախուրյանի ջրամբարից: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով Ախուրյանի ջրամբարի լցվածությունը հիմա 104 տոկոս է: Ոռոգման շրջանում ջրի ելքերն ավելանում են:

Բաղրամյանում ամենաշատ հողերը Արևադաշտ գյուղն ունի։ Այստեղ շատ են նաև խաղողի այգիները։ Տարեցտարի ավելանում են մշակովի հողատարածքները:
«Մեծ հողամասեր շատ կան. 200-250 հեկտարից ավելի նուշ է դրված, 50 հա՝ կեռաս, դեղձ, սերկևիլ: Հունական սերկևիլ է, որն արդեն երկրորդ տարում բերք էր տվել: Փոքր ծառեր են, բայց 700 գրամանոց սերկևիլներ էին տվել ու շատ սիրուն»:

Մշակվում է նաև գաճաճ ընկուզենի: Այս տարի հողի խոնավությունը բարձր է, կլիման բարենպաստ է գյուղատնտեսության համար: Ակնկալվում է բարձր բերքատվություն:
«Այս տարի ավելի լավ բերք ենք ունենալու: Ինտենսիվ այգիները սկսել են ավելի շատ բերքի տակ մտնել: Աշխատուժի պակաս կա, օրինակ՝ անցած տարի չեն հասցրել բերքը լրիվ հավաքել, քանի որ չեն կարողացել աշխատուժ ճարել: Մարդիկ աշխատելու համար գալիս են Գյումրիից, Վանաձորից, Ալավերդուց, այստեղ տներ են վարձում, որ ապրեն ու աշխատեն նույն տեղում»:
Արզուման Տոնոյանն ասում է, որ այգիների բերքատվությունը կախված է նաև հողի որակից: Այգետերերը մշակելուց առաջ հողի նմուշները լաբորատոր հետազոտության են տանում, որպեսզի պարզեն, թե ինչի պակաս ունի հողը։ Դրա հիման վրա էլ տարբեր նյութերով սնուցում, պարարտացնում են, հետո միայն սկսում տունկը: