Երևանում անցկացված «Հարավային Կովկասը բեկումնային փուլում․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և սահմանի բացման հարցին։ Պանելային քննարկմանը մասնակցել են ադրբեջանցի և թուրք փորձագետներ, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա իր հայ պաշտոնակցի՝ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ մասնակցել է «Հարավային Կովկասը բեկումնային փուլում․ խաղաղության և համագործակցության հեռանկարները» խորագրով պանելային քննարկմանը։
Բանախոսները խոսել են հայ-թուրքական սահմանի բացման և գործընթացի այս փուլի մասին։ Սահմանը դեռևս փակ է, թեև հակառակի մասին պաշտոնական տարբեր հայտարարություններ են հնչել։
Սերդար Քըլըչը, արձագանքելով հայ-թուրքական սահմանը բացելու լրագրողների հարցերին, հստակեցրեց, որ սահմանի փակ լինելը հիմնականում տեխնիկական խնդիրներով է պայմանավորված։ Նա ասաց նաև, որ սահմանի բացման հարցը երևանյան հանդիպումների ընթացքում չի քննարկվել:
«Որոշել ենք, որ երբ ճիշտ ժամանակը գա, երբ հստակեցվեն ու վերջնական տեսքի բերվեն ձևակերպումները, կբացենք սահմանը: Շինարարությունը գրեթե պատրաստ է, բայց կան որոշ հարցեր, որոնք պետք է ավարտին հասցվեն, ինտերնետ կապ պետք է լինի։ Տեխնիկական ու բյուրոկրատական բնույթի որոշ խնդիրներ, աշխատանքներ կան»։
Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը։
Այս արտահայտությունը, ի դեպ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը կրկնեց նաև պանելային քննարկման ժամանակ։
Նա անհավանական է համարել այսօրվա ձեռքբերումները, ասել է, որ հնարավոր չէ հավատալ, որ գործընթացը կարող է հասնել այս փուլին։
Թուրքական լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Հայաստանի հետ սահմանի բացումը նախատեսված է հունիսի 4-ին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ։
Թուրքական մամուլը գրել էր, որ Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1918 թվականի հունիսի 4-ին, և անցակետի բացումը կարող է համընկնել այդ տարեդարձի հետ։
Թուրքիայի արտգործնախարարությունը, սակայն, հերքել են այսօր այս տեղեկությունը՝ նշելով, որ «Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված չէ»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պանելային քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց, որ այսօր ճիշտ ժամանակն է մեծ քայլերով առաջ գնալու Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում։ Նա առաջընթաց է համարում այն, որ Երևանում հայը, վրացին, թուրքը, ադրբեջանցին և ԵՄ ներկայացուցիչը միասին տարածաշրջանային հարցեր են քննարկում: Սա, ըստ Ռուբինյանի, նշանակում է, որ գործընթացը ճիշտ հունով է գնում։
Հարաբերությունների հաստատման գործում կարևոր է վստահության գործոնը՝ պարզաբանեց Ռուբինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես են ոգևորում կամ համոզում հանրությանը համաձայնելու, չառարկելու այս մեծ փոփոխություններին․
Բոլորը տեսնում են, որ Ադրբեջանի տարածքով բեռները գնացքով հասնում են Հայաստան և այս փաստը ըստ Ռուբինյանի՝ արդեն հիմք է Հայաստանի բնակչության համար տեսնելու շոշափելի արդյունքներ։
Մի ուշագրավ դիտարկում էլ․ ադրբեջանցի և թուրք փորձագետները ընդմիջման ժամին ընդհանուր հյուրասիրությանը չմասնակցեին ու ճաշեցին առանձին՝ լրագրողներից ու համաժողովի մյուս մասնակիցներից առանձնացված հատվածում, անվտանգության աշխատակիցների ընկերակցությամբ։