ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը:
Կարգավորման առարկան եւ հիմնական նպատակը վերամշակող արդյունաբերության կարեւոր երկու ճյուղերի` ոսկեգործության եւ թանկարժեք մետաղների հիմնականում ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի ձեւավորումն է:
Օրենքի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել. Կառավարությունը կատարել է խմբագրական բնույթի փոփոխություններ:
Հարկային օրենսգրքում փոփոխություններ, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում ու Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: Նա հիշեցրել է, որ փաթեթով առաջարկվում է հարկային վարչարարության առանցքային բարեփոխումներից մեկը կատարել, որի նպատակը հարկ վճարողների` լսված լինելու իրավունքի հնարավորությունների ընդլայնումն է, հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը եւ երկխոսության միջոցով հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացումը:
Օրենքների նախագծերի փաթեթը լրամշակվել է պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով:
Առաջարկվել է սահմանել, որ կարելի է թեմատիկ ուսումնասիրություն իրականացնել տարեկան երեք անգամ, միաժամանակ սահմանվել է, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում 2-րդ եւ 3-րդ անգամ թեմատիկ ուսումնասիորություն իրականացվում է բացառապես հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա: Նշված դեպքերում այդ լիազորությունը չի կարող փոխանցվել որեւէ այլ ստորաբաժանման ղեկավարի: Նախատեսվել է նաեւ, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում 3-րդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է, եթե տվյալ տարում լրանում է ուսումնասիրության կամ տվյալ բացահայտված խնդրի վաղեմության ժամկետը, որը տվյալ դեպքում՝ 3 տարին է:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող եւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություն առաջարկող օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել են առաջարկներ, որոնց մի մասը ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը: Մասնավորապես, պատգամավորն առաջարկել է լուծել կիսակառույց շինությունների օտարման դեպքում առաջացած ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման խնդիրը: Առաջարկվել է ԱԱՀ-ով եւ շահութահարկի հաշվարկման նպատակով չկիրառել կադաստրային արժեքի 80 տոկոսի կանոնն այն դեպքերում, երբ շինարարության թույլտվության ժամկետն ավարտված է կամ երկարաձգված:
Զեկուցողը տեղեկացրել է, որ նաեւ ներդրվել է անցումային մեխանիզմ այն հարկ վճարողների համար, որոնք ժամանակին չեն ներկայացրել ԱԱՀ վճարող հաշվառելու հայտարարություն: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ, մասնավորապես, խոսքը վերաբերում է շուրջ 600 կազմակերպությունների, որոնք այդ հայտարարությունը ժամանակին չներկայացնելու պատճառով 1.3 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություններ են գեներացրել: Այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում 2022-2025 թվականների համար մինչեւ 2026 թվականի վերջը ներկայացնել համապատասխան դիմումներ:
Էդուարդ Հակոբյանը մանրամասնել է նաեւ մյուս առաջարկները:
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը քննարկման է ներկայացրել իր հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
«Գնումների մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Փաթեթով առաջարկվում է գնումների համակարգը փոփոխել եւ սահմանել ազդեցության 3 լրացուցիչ մակարդակ ու սահմանափակումներ կիրառել այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում կատարվել է մեկ տեխնիկական շտկում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունմամբ օրենքում նախատեսվում է տարանջատել «բժշկական կազմակերպություն» եւ «առողջապահական կազմակերպություն» հասկացությունները:
Վերանայվել են առողջապահական՝ ներառյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաեւ առողջապահական կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվողականությունը լիազոր մարմնին եւ նրանց պաշտոնի նշանակող եւ ազատող համապատասխան իրավասու մարմնին:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Օրենքների նախագծերը քննարկվել են ԱԺ-ի` մայիսի 5-ի հերթական նիսում: