Վերաֆինսնավորման տոկոսադրույքն անփոփոխ է, շինարարությունն ու ծառայությունները մնում են առաջատար ոլորտներ

Կենտրոնական բանկն արձանագրում է՝ Հայաստանում 2026թ առաջին եռամսյակում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը։ Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը մնում են Հայաստանի տնտեսության առաջատարները։ Գլխավոր դրամատունն այս անգամ էլ որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհրդարանում էլ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածությունն են քննարկել։

Աշխարհն անորոշ է, մարտահրավերներով լի։ Համաշխարհային տնտեսությունները ցնցումներ են ապրում՝ ինչպես 2020-ին։ Խորհրդարանում այսպիսի արձանագրում է անում Մարտին Գալստյանը, բայց արդեն որպես ԿԲ նախագահի թեկնածու։

Լրանում է նրա պաշտոնավարման վեց տարին։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին Գալստյանի թեկնածությունն է առաջադրել այդ պաշտոնում։ Մակրոտնտեսական ու ֆինանսական կայունություն․ սրանք գլխավոր դրամատան հիմնական գործառույթներն են։

Կարևոր է նաև գների կայունությունը, ասում է Մարտին Գալստյանը․ «Կառավարության գործընկերների հետ ներդրված մեր համատեղ ջանքերի շնորհիվ մակրոտնտեսական կայունությունն այժմ վստահաբար դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը համաշխարհային ներդրումային քարտեզի վրա»։

Ի՞նչ է անում ԿԲ-ն, որպեսզի միջազգային որևէ բանկ հայաստանյան շուկայում գործունեություն սկսի՝ հարցնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։ Նա հիշեցնում է՝ մի քանի բանկեր հեռացել են Հայաստանից։

Արթուր Խաչատրյանի ու Մարտին Գալստյանի երկխոսությունը ստորև՝
-Հայաստանում բանկային համակարգը սկսեց զարգանալ, երբ առնվազն երկու բանկ մտան Հայաստան։ Որևէ քայլ ձենարկու՞մ ե ք, որ որևէ հայտնի բանկ գա Հայաստան։
-Մենք անընդհատ հանդիպում ե նք մեր միջազգային գործընկերների հետ, մեր լավագույն այցեքարտը մեր մակրոտնտեսական կայունությունն է։ Մենք նրանց հետ միշտ քննարկում ենք այդ հարցերը։

Բանկային համակարգում, ըստ էության, ամեն ինչ փոխկապակցված է։ Կա վստահություն, մակրոմիջավայրը կայուն է, դա նաև փոխարժեքի, տոկոսների վրա է ազդում։ Անգամ գնաճը կարելի է կառավարելի համարել։

Պատահական չէ, որ խուճապային տրամադրությունները բանկային համակարգում փոխում են խաղի կանոնները։ Սա մասնագիտական պարզաբանումն է, բայց սպառողներին հետաքրքրում են հատկապես այն փոփոխությունները, որոնց անմիջական կրողն են իրենք։ Այս դեպքում՝ վարկերի բարձր տոկոսները։ Սա նաև պատգամավորներին է հետաքրքրում։

«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան․ «Ինչո՞վ եք բացատրում վարկային տոկոսադրույքների այսօրվա շուկայի մեղմ ասած, անընդունելի մակարդակը։ Եթե այդպիսի դրական ցուցանիշներ մենք ունենք, դա պետք է բերեր նաև վարկային տոկոսադրույքների տարբեր կատեգորիայի, վարկային տոկոսադրույքների էական իջեցմանը»։

Հայաստանի վարկային պորտֆելը վերջին երեք տարում տարեկան 20 տոկոսով ավելանում է՝ բացատրում է Գալստյանը։ Պահանջարկը մեծ է, ուստի գնի նվազում դժվար է պատկերացնել։ Բացի այդ, կապիտալի բուֆերներ են գործում՝ բանկերի համար փողը թանկացել է։ Եվ վերջապես՝ սպառողական ու հիպոթեքային վարկերը ՀՀ-ում դրամով են տրամադրվում։

Մարտին Գալստյանը միկրովարկերի տվյալներն է ներկայացնում ՝ և՛ բիզնեսի, և՛ հիփոթեքի․
« 2025 թվականի ընթացքում հիփոթեքային վարկավորման շուկայում 9000 վարկի տոկոսադրույքը նվազել է, 3000 վարկինը ՝ աճել, մոտ 6000-ի տոկոսադրույքները մնացել են անփոփոխ։ Կա իրավիճակ, որ նույնիսկ այդ պահանջարկի պարագայում, փողի նվազեցման դեպքում մենք ունենք որոշակի շարժ»։

Կենտրոնական բանկի խորհուրդն այս անգամ էլ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ 2026թ առաջին եռասմյակում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է։ Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը մնում են Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտները։

Տարածաշրջանային իրադարձությունները նույնպես ազդել են տնտեսության վրա․ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան․ «Հորմուզի նեղուցի էներգակիրների գների hանգուցալուծումը դժվար արագ լինի։ Թե որ կետում գործընկեր երկրներում տոկոսադրույքները կիջնեն, ինչպես որ դա սպասվում էր նախկինում մինչև պատերազմը, դժվար է ասել»։

ԿԲ-ում արձանագրում են՝ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ զբոսաշրջության ոլորտում աճ է նկատվում։ Կապիտալի աճ ևս արձանագրում են։ Անշարժ գույքի շուկայում ազդեցության գնահատման վերլուծություն դեռ չկա։

Leave a Comment