
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը վստահ քայլերով շարժվում է դեպի Եվրոպա՝ ընդգծելով, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ է։
«Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության և բարգավաճման ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին։ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա և միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում, կարելի է ասել, ակնհայտ է ինձ համար այս վերջին երկու օրերի ընթացքում»,- ասել է Մակրոնը։
Մակրոնը նշել է, որ Հայաստանը ընտրել է խաղաղության և զարգացման ուղին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը և հաղթահարելով պատերազմի հետևանքները։
Նա նաև կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը, ներդրումների ավելացումը, պաշտպանության և տնտեսության ոլորտներում համագործակցության խորացումը, ինչպես նաև վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի խաղաղության օրակարգին։