Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Նորագյուղ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի շուրջ իրականացվող աշխատանքները։
«Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագրի կապակցությամբ ՀՀ կառավարության ապրիլի 23-ի որոշմամբ տարածքում ճանաչվել է գերակա շահ։ Դրա հիման վրա կմեկնարկեն և կիրականացվեն առկա գույքերի գնահատման ու փոխհատուցումների տրամադրման գործընթացները»,- ասել է Սոնա Թևանյանը։
Նա հիշեցրել է, որ օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում տեղի են ունեցել մի շարք կարևոր ընթացակարգային փոփոխություններ, որոնք էապես ազդելու են փոխհատուցման գործընթացի վրա։ Դա վերաբերում է թե՛ գնահատման գործընթացին (քանի որ այսուհետ սեփականատերերն իրենք են հնարավորություն ունենալու ընտրել գնահատող ընկերությանը), և թե՛ փոխհատուցման չափին։
«Նախկինում շուկայական արժեքի հավելումը 15 տոկոս էր, իսկ ներկայումս՝ 30 տոկոս։ Սակայն դա ունի որոշակի նախապայման. սեփականատերերը չպետք է խոչընդոտեն նկարագրության արձանագրությունների կազմմանը կամ տարածքի ազատման գործընթացին»,- նշել է նա:
