Բրազիլական «Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարը սկանդալի հեղինակ է դարձել։ Մարզման ժամանակ 34-ամյա ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել թիմակցի՝ Ռոբինյոյի 18-ամյա որդու հետ։
Ինչպես տեղեկացնում է բրազիլական Globo պարբերականը, միջադեպի պատճառն այն է եղել, որ երիտասարդ հարձակվողը մարզման ընթացքում շրջանցել է Նեյմարին, ինչը խիստ դուր չի եկել վերջինիս։ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվողը թիմակցին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ և պահանջել է «ավելի հանգիստ խաղալ»։
Լեզվակռիվն արագորեն վերածվել է ֆիզիկական բախման. Նեյմարն ու Ռոբինյո կրտսերը սկսել են հրել միմյանց, ինչից հետո Նեյմարը ոտքը գցելով տապալել է երիտասարդ խաղացողին և հարվածել նրա դեմքին։
Աղբյուրի տվյալներով՝ կրքերի հանդարտվելուց հետո Նեյմարը ներողություն է խնդրել թիմակցից իր կոշտ արձագանքի համար։ Ներկայումս ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը հարթված է։