Ինչով և ինչպես է դիմավորելու Գյումրին Ֆրանսիայի նախագահին

Պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Գյումրի։ Պատվավոր հյուրի այցին ընդառաջ մոտ մեկ շաբաթ է՝ հանրապետության երկրորդ քաղաքում նախապատրաստական աշխատանքներ են: Գյումրիի կենտրոնական «Վարդանանց» հրապարակում տեղադրվում է մեծ բեմահարթակ, բարեկարգվում ու տոնական տեսքի են բերվում հրապարակի հարակից փողոցները: Գյումրեցուն վայել ջերմությամբ ու հյուրընկալությամբ Ֆրանսիայի նախագահին դիմավորելու կազմակերպչական աշխատանքների մանրամասների շուրջ Շիրակի մարզպետի հետ է զրուցել, «Ռադիոլուրի» Շիրակի մարզային թղթակից Ալեքսան Սարգսյանը:

Գյումրիի կենտրոնական հրապարակում արդեն մի քանի օր է՝ դադարեցված է ավտոմեքենաների երթևեկը: Քաղաքապետարանի շենքի դիմաց տեղադրվում է աննախադեպ մեծ   բեմահարթակ, բարեկարգվում են հարակից փողոցներն ու եկեղեցամերձ հատվածները: Արվեստների, արհեստների ու մշակույթի քաղաքում Մակրոնի այցի օրը պատրաստվում ենք մեծ շուքով դիմավորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Մեր գյումրեցիների համար մեծ պատիվ է, որ Մակրոնը գալիս է Գյումրի, և մենք դիմավորելու ենք գյումրեցու հյուրասիրությամբ, հյուրընկալությամբ, ամենաբարձր կետով: Մենք նախապատրաստական աշխատանքներ տարել ենք փողոցներում, դրոշներով, բնականաբար Ֆրանսիայի և Հայաստանի, ամբողջ քաղաքը զարդարված է, տեղյակ եք ասֆալտապատման աշխատանքներ են արվել: Մենք պատրաստ ենք մեր սիրելի հյուրին դիմավորելու»:

Ինչպիսի հյուրասիրություն է նախատեսված ֆրանսիացի  բարձրաստիճան հյուրի համար, և գյումրվա խոհանոցին բնորոշ ինչ ճաշատեսակով  են նախատեսում զարմացնել Մակրոնին՝ Դավիթ Առուշանյանը դեռ չի բացահայտում, բայց նշում է, որ Ֆրանսիայի նախագահին հատուկ երթուղով  փորձելու են ցույց տալ քաղաքի պատմական կենտրոնում պահպանված յուրօրինակ ճարտարապետությունն ու  եզակի կոթողները:

«Մենք նախատեսել ենք երթուղու ընթացքում,պատմամշակութային  մեր «Կումայրի» արգելոցի,Գյումրու սրտի մոտ քայլելով, պատմամշակութային արժեքները ցույց տալով Էմանուել Մակրոնին,մեր ճարտարապետական ժառանգությունը ցույց տալով, մշակութային կոթողները ցույց տալով:Բնականաբար էտ օրը Գյումրին դառնում է Եվրոպայի կենտրոնը,եթե ոչ աշխարհի»:

Հայ-ֆրանսիական բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի: Հատկապես 1988-ի ավերիչ երկրաշարժի օրերին Ֆրանսիան ավերված քաղաքին օգնության ձեռք մեկնող առաջին պետություններից էր:Առանձնակի երախտագիտությամբ են գյումրեցիները հիշում հատկապես մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի այցը Գյումրի, ում  ներդրումը քաղաքի վերականգնման գործում անգնահատելի էր: Մակրոնի այցի շրջանակում Ազնավուրի հուշարձանին ծաղիկների խոնարհում նախատեսված չէ, բայց Ֆրանսիայի նախագահն այցելելու է ֆրանսիացիների հանգանակությամբ 90-ականներին կառուցված դպրոց՝ նշում է Շիրակի մարզպետը:

«Հայաստանի և Ֆրանսիայի կապը դարերի պատմություն ունի, իսկ Շարլ Ազնավուրը էտ կապն ավելի ամրացրեց, ստեղծեց պորտալարային կապ Հայաստանի և Ֆրանսիայի միջև և գիտեք արդեն, մեր կառավարությունը, մեր արտաքին քաղաքականությունը, Ֆրանսիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները ընդհանրապես այլ մակարդակի վրա դրեցին, որը և մենք տեսնում ենք: Էտ ամեն ինչի մեջ շատ մեծ դերակատարություն ունի Շարլ Ազնավուրը, բայց մենք չենք գնալու Շարլ Ազնավուրի հուշարձանի մոտ, ֆրանսիական դպրոց ունենք երկրաշարժից հետո կառուցված, այցելելու ենք 10-րդ դպրոց և երկրաշարժի հուշարձանի մոտ ենք լինելու»:

Շրջայցերից հետո երեկոյան կենտրոնական հրապարակում լինելու է մեծ համերգային ծրագիր, որին մասնակցելու են հայ և ֆրանսիացի հայտնի ու սիրված արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Համերգը նվիրված է Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: Նման մասշտաբի համերգային ծրագիր Գյումրիում լինելու է առաջին անգամ՝ նշում է նախապատրաստական աշխատանքներին մշտապես հետևող Դավիթ Առուշանյանը:

«Նախադեպը չունեցող բեմ է հավաքվում,նախադեպը չունեցող համերգ է լինելու և շատ ուրախ եմ,որ մեր գյումրեցիները ևս մեկ առիթ կունենան ուրախ օր անցկացնելու,ծանոթանալու ֆրանսիացի աշխարահռչակ երաժիշտների,նաև շփվել մեր երաժիշտների հետ,շատ հզոր համերգ է լինելու և Գյումրին ևս մեկ օր տոնելու է ,նաև մեծ հրավառություն է լինելու երեկոյան»:

Շիրակի մարզպետը բոլորին հրավիրում է Հայաստանի երկրորդ քաղաք՝ մասնակիցը դառնալու հայ-ֆրանսիական բարեկամության համերգային ծրագրին: Հրապարակում տեղադրվելու են նաև նստարաններ՝ նախատեսված   պատվիրակությունների և հրավիրյալ բարձրաստիճան պաշտոնյաների համար: Գյումրիում անցկացվելիք համերգի նպատակով կառավարության որոշմամբ պետական բյուջեից հատկացվել է 393 միլիոն դրամ:

Leave a Comment