Իտալական թերթերը գրում են՝ Ռուբիոն կայցելի Իտալիա և Վատիկան․ Reuters

Գալիք շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Վատիկան և Իտալիա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են իտալական երկու թերթեր։

La Repubblica-ի և Corriere della Sera-ի հրապարակումներում չի նշվում՝ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ Ռուբիոն առանձնազրույց կունենա՞ Լևոն Պապի հետ։ Հաղորդվում է միայն Վատիկանի դիվանագիտության ղեկավար Պիետրո Պարոլինի հետ նախատեսված հանդիպման մասին։

Առաջին ամերիկացի Հռոմի պապը վերջին շրջանում դարձել էր Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակման բացահայտ քննադատներից մեկը՝ բազմիցս կոչ անելով դադարեցնել կրակը և վերադառնալ դիվանագիտական լուծումների։ Նա ընդգծել էր, որ հնարավոր չէ հասնել խաղաղության ուժի կիրառմամբ։

Դոնալդ Թրամփն արձագանքելով Պապի քննադատությանը՝ թե՛ հակամարտության, թե՛ Սպիտակ տան խիստ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ՝ հայտարարել էր, թե Լևոն XIV-ը «սարսափելի է»։

Ամերիկյան և իտալական իշխանությունները չեն հաստատում Ռուբիոյի այցի մասին լուրը։ Սուրբ Աթոռից ևս լուռ են։

Reuters-ի փոխանցմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ Իտալիայի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։

Հաղորդվում է նաև, որ այցը նպատակ է ունենալու մեղմել Վաշինգտոնի և Հռոմի միջև լարվածությունը, որն առաջացավ, երբ Թրամփի քննադատության ֆոնին Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին «անընդունելի» էր համարել Թրամփի քննադատությունը Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին

Սպիտակ տան առաջնորդը օրերս նաև հայտարարել էր, որ «հավանաբար» կքննարկի Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ քննադատելով ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելու համար։

Leave a Comment