
Իսրայելը նախօրեին բազմաթիվ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։ Հաղորդվում է առնվազն 10 զոհի մասին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 24 ժամում գրանցված զոհերի թիվը նոր ռեկորդի է հասել՝ 41:
Ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեք մարդ զոհվել է Նաբաթիեի շրջանի Շուքին քաղաքում։
Հարվածներից մեկի թիրախում Կֆար Դաջալ գյուղի մեքենաներից մեկն էր, որի պատճառով զոհվել են երկուսը։
Լվայզե գյուղի տներից մեկին հասցված հարվածն էլ երեք մարդու կյանք է խլել։
Մեկ այլ գյուղում հաղորդվում է մեկ զոհի մասին։
Մարտի 2-ից ի վեր, երբ Լիբանանը ներքաշվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանը, երկրում 2,659 մարդ է զոհվել, 8,183-ը վիրավորվել, հայտնում են երկրի առողջապահական գերատեսչությունից։
Իսրայելի զինված ուժերն ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» խմբավորման կողմից «հրադադարի համաձայնագրի խախտումներից» հետո «ուժգին» կգործեն «Հեզբոլաի» դեմ: Բնակիչներին տարհանման կոչ էին արել:
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ապրիլի 23-ին կայացած հանդիպման ժամանակ Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին 10-օրյա հրադադարը, սակայն այն խախտվում է, Իսրայելն ու «Հեզբոլա»-ն իրար են մեղադրում նախահարձակ լինելու համար։