«Խաղաղության խաչմերուկը» ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու էներգետիկ բաղադրիչ ունի․ տնտեսագետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար կարևոր է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսկան առումով։ Մասնագետներն ուշադրություն են հրավիրում նախագծի էներգետիկ բաղադրիչի վրա՝ շեշտելով Հայաստանի առավելությունները։ Մեր երկիրը տարածաշրջանում առաջատար է կանաչ էներգիայի պաշարներով և այս առումով չիրացված մեր ներուժ ունի։

«Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը կիրառական մեխանիզմների ներդրման կարիք ունի, առայժմ այն փաստաթղթային մակարդակում է՝ ասում է տնտեսագետ Սոս Խաչիկյանը։ Նա հիշեցնում է, որ նախաձեռնությունն առաջ քաշվեց պատերազմից անմիջապես  հետո երբ Հայաստանը տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներ ուներ։

«Ամեն դեպքում «Խաղաղության խաչմերուկը» ենթակառուցվածքային հիմք չունի, այն միայն փաստաթղթային հիմք ունի, և այդ նախագիծն առաջ մղելու համար լուրջ  քննարկումների և աշխատանքի կարիք կա։ Երբ ես նշում եմ, թե «Խաղաղության խաչմերուկը» հատվում է Հյուսիս-հարավի հետ, ինձ ասում են, որ դա այլ նախագիծ է։ Երբ ասում եմ, որ «Խաղաղության խաչմերուկը» հատվում է TRIPP-ի հետ, նորից հակադարձեցին, թե TRIPP-ը այլ նախագիծ է։  Ինչ-որ առումով համաձայնելով սրա հետ՝ պետք է նշեմ, որ «Խաղաղության խաչմերուկը»  խորքում ունի բավականին լուրջ քաղաքական և նոր հարաբերությունների ստեղծման ենթատեքստ»։

Ըստ տնտեսագետի՝ եթե պետությունը կարողանա ձևավորել ոչ միայն ենթակառուցվածքների, այլև գործակցության միջավայր, ապա ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություններ կստեղծվեն։ Մասնագիտական վերլուծություններով պետք է ցույց տալ նախագծի գրավչությունը՝ ասում է Սոս Խաչիկյանը։

«Մենք ունենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմաններ, և եթե ԽԽ նախագիծը միտված լինի չեմ ասում ամբողջությամբ , բայց ինչ-որ առումով այդ սահմանների բացմանը, առնվազն հարաբերությունների հաստատմանը, իհարկե հաշվի առնելով նաև ռիսկերը՝ կարծում եմ, որ նախագծի իրականացումը լիովին արդարացված կլինի»։

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, նախաձեռնության էներգետիկ բաղադրիչի վրա կենտրոնանալով, նկատում է, որ աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական  ներկան իրավիճակում թեման հրատապ է։

Ըստ նրա՝ Հայաստանում գազի 80 տոկոսը ներկրվում է ՌԴ-ից 20 տոկոսը՝ Իրանից։  Վառելիքի մյուս տեսակները ևս ներկրվում են։ Սակայն Հայաստանում արտադրվում է էլեկրաէներգիա, որը կանաչ էներգիայի աղբյուր է։

Փորձագետի պարզաբանմամբ՝ վերականգնվող էներգիայի նման աղբյուրներ են նաև հողմային, արեգակնային կայանները, հիդրոկայանները։

Մարջանյանը փաստում է, որ 2025 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման ցուցանիշով Հայաստանը առաջատար է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի զարգացած երկրների թվում։

Ըստ փորձագետի՝ 2020 թվականին Եվրամիության երկրները օրենսդրական հատուկ փաթեթով ատոմային էներգետիկան ճանաչել են  կանաչ էներգիա, քանի որ ջերմոցային գազերի կրճատման առումով  ատոմային էլեկտրակայանները կարևոր նշանակություն  ունեն։

«2025 թվականին կանաչ էներգիայի մասնաբաժինը կազմել է տարեկան  արտադրանքի 65%-ը։ Այս ցուցանիշը  Հայաստանը դասում է մոլորակի ամենամաքուր՝ կանաչ էլեկտրաէներգետիկա ունեցող և խիստ սակավաթիվ երկրների շարքումդրանք են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան, Ալբանիան և մասնակիորեն Վրաստանը»։

Մինչև 2040թ Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարությունում, ըստ Մարջանյանի, նշվում է կանաչ էներգետիկան զարգացնելու կարևորությունը։ Այս համատեքստում նախատեսվում է Հայաստանի ատոմակայանի աշխատող բլոկի շահագործման ժամկետի երկարագձում և դրան փոխարինող նոր ԱԷԿ բլոկի կառուցում, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցում, Վրաստանի ու Իրանի հետ բարձրավոլտ հոսանքագծերի կառուցում։

Այդպիսով աննախադեպ հնարավորություններ են բացվում ԽԽ էներգատրանսպորտային նախագծի իրականացման համար՝ եզրակացնում  է էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետը։

«Հայաստանի էներգետիկ համակարգը ունակ է էական դերակատարում ունենալու՝ հանդիսանալով այստեղ զարգացումների քարշակ ուժը։ Ավելին՝ վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումները կարող են և պետք է ներդաշնակեցվեն Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության հիմնադրույթներին»։

Նախաձեռնությունները հստակ ճանապարհ են բացում Հայաստանում ներդրումներ ներգրավելու համար։ Հայաստանը, ըստ Արա Մարջանյանի, պետք է կարողանա մասնակցել նաև «Սևծովյան էլեկտրական մալուխ» ծրագրին, որից տարիներ առաջ Հայաստանը դուրս էր մնացել Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով։  Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասի էլեկտրացանցը կապել Եվրոպական միության հետ և մեր տարածաշրջանից էլեկտրաէներգիա մատակարարել դեպի ԵՄ։

Leave a Comment