Որպես կանոն վարորդների կատարած իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորները հանվում են մեկ տարի ժամանակահատվածի համար տրված 13 միավորից։ Սակայն շատերը չգիտեն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը տալիս է միավորները մասնակիորեն վերականգնելու հնարավորություն։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 304.2-րդ հոդվածը սահմանում է տուգանային միավորների մասնակի վերականգնման կարգը։
Ե՞րբ կարելի է քննություն հանձնել
Օրենսգրքի համաձայն՝ տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն։
Քանի՞ միավոր կվերականգնվի
Օրենսգրքի համաձայն՝ տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր։
Քանի՞ անգամ կարելի է քննություն հանձնել
Օրենսգրքի համաձայն՝ միավորները վերականգնելու նպատակով անձը կարող է քննություն հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ։
Ուշադրություն. վարորդական վկայական ունեցող անձը տարեկան ունի 13 տուգանային միավոր։ Եթե մնացորդը 3 և պակաս է, կարող եք հանձնել տեսական քննություն և վերականգնել 2 միավոր՝ տարեկան միայն մեկ անգամ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։