Գիլյերմո Օչոան կմասնակցի իր 6-րդ Աշխարհի առաջնությանը

Կիպրոսը ներկայացնող ԱԵԿ-ի դարպասապահ Գիլյերմո Օչոան Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում կմասնակցի 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սա մեքսիկացի դարպասապահի պրոֆեսիոնալ կարիերայում կլինի արդեն վեցերորդ Մունդիալը: Աղբյուրի համաձայն՝ մրցաշարի ավարտից հետո 40-ամյա ֆուտբոլիստը կավարտի կարիերան։

Գիլյերմո Օչոան Մեքսիկայի հավաքականում իր նորամուտը նշել է 2005 թվականի դեկտեմբերին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում։ Գերմանիայում կայացած ԱԱ-2006-ը Օչոայի համար առաջինն էր, որտեղ, սակայն, նա բոլոր հանդիպումներն անցկացրել է պահեստայինների նստարանին։

Ընդհանուր առմամբ՝ դարպասապահն ազգային թիմի կազմում անցկացրել է 152 հանդիպում՝ բաց թողնելով 154 գնդակ։

Հատկանշական է, որ նախկինում ոչ մի ֆուտբոլիստ չի մասնակցել Աշխարհի առաջնության վեց խաղարկության։ Ներկայումս հինգական մասնակցություն ունեն Օչոան, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և արգենտինացի Լիոնել Մեսսին։ Վերջին երկուսը նույնպես հնարավորություն ունեն մեկնելու ԱԱ-2026՝ կրկնելով Օչոայի սպասվելիք պատմական ցուցանիշը։

Leave a Comment