Մինչև Սևան կհասնենք, բուքսիրով հետ կգանք, երեխեքն ասացին՝ պապա, քեզ պե՞տք ա. Քոչարյան

Մինչև Սևան կհասնենք, բուքսիրով հետ կգանք, երեխեքն ասացին՝ պապա, քեզ պե՞տք ա. Քոչարյան

2005թ. նոյեմբերի 3-ին այն ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ունեցել մի խումբ ուսանողների հետ, խոսել հանրաքվեի ներկայացված Սահմանադրության նախագծից՝ երկրի մայր օրենքը համեմատելով «յուղ վառող» մեքենայի հետ։ Radar Armenia-ն ներկայացնում է այս հանդիպման մասին «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը.

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը ուսանողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով այս ամիս ավելի ուշ կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, ասաց, թե հանրաքվեի բացասական արդյունքը չի կարող սասանել իշխանությունների դիրքերը:

«Ի՞նչ կկատարվի, եթե հանրաքվեն չանցնի: Արդյո՞ք սա հարված է իշխանություններին, թե՞ ոչ… Միանգամից կարող եմ ասել, որ աշխարհը փուլ չի գա: Հաստատ», – հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով. – «Եվ ես որպես նախագահ տեր եմ լինելու ե’ւ «այո»-ին, ե’ւ «ոչ»-ին»:

Նա ասաց, որ եվրոպական որևէ երկրի Սահմանադրությամբ նախագահը այնքան լիազորություններ չունի, որքան մեր երկրում գործող Սահմանադրությամբ: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, ոչինչ չի լինի, եթե հանրաքվեն նորից ձախողվի:

«Գործող Սահմանադրությամբ էլ կարելի է շարունակել կյանքը», – ասաց նա: – «Բայց էսպիսի համեմատություն միգուցե կանեմ՝ ոնց որ հին մեքենայով. արագությունը էն չի, մի քիչ աղմուկը շատ է, յուղ ա վառում… Բայց կարաս օգտվես, կարաս ինչ-որ տեղ հասնել: Մինչև Սևան կհասնենք: Մի քիչ հեռու գնանք, բուքսիրով հետ կգանք»:

Ամփոփելով այդ համեմատությունը՝ Քոչարյանը ասաց. – «Հիմա որոշումը մերը պետք է լինի: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում… Ուզում ենք արագ զարգացում դեպի ապագա՞, թե՞ ուզում ենք յուղ վառել»:

Անդրադառնալով հանրաքվեի դրական ելքի տարբերակին, նախագահը ասաց, որ դա զարգացման նոր հնարավորություններ կընձեռի, Հայաստանը կայուն վարկանիշ կունենա:

Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց, որ նախագահի լիազորությունների առումով գործող Սահմանադրությունն ավելի ձեռնտու է իր համար: Նույնիսկ պատմեց, որ փոփոխությունների փաթեթը տուն է տարել, որպեսզի ընտանիքի անդամներն էլ իրազեկված լինեն:

«Երբ որ զավակներս ծանոթացան, կարդացին, մեկը ինձ հարցրեց՝ Պապա էս քեզ պե՞տք ա», – ասաց նա՝ շարունակելով. – «Իմ պատասխանը ուղղակի հետևյալն էր. անձնապես ինձ պետք չէ, բայց քեզ պետք ա, տղաս: Քո համար եմ անում»:

Եվ հենց առումով նախագահ Քոչարյանին զարմացնում է, որ ընդդիմությունը պայքարում է այդ լիազորությունները (որոնցից ինքը «չի ձանձրացել) պահպանելու համար:

Ուսանողներից Քնարիկ Վարդանյանը նախագահին հարցրեց, թե արդյո՞ք նա պատրաստվում է այլ ղեկավար պաշտոն ստանձնել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո:

«Այսօր ասում են նաև, թե նախագահը այս սահմանադրական բարեփոխումներին աջակցում է, ուժեղացնում է վարչապետի պաշտոնը, հետո այդ պաշտոնը զբացեղնելու համար», – պատասխանեց նախագահը՝ ավելացնելով, թե ուժեղացվում են նաև դատավորների, դատախազի պաշտոնների, Ազգային ժողովի կարգավիճակը: – «Հիմա այս ամենը չանենք մեկ նպատակով, որ նախագահին գործազո՞ւրկ թողնենք»:

«Ինչ վերաբերում է ընդհանրապես իմ ապագային, ապա՝ ո՞ւմից եմ պակաս գիտելիքներով, փորձով, աշխատասիրությամբ… Կգա ժամանակը՝ կմտածենք ինչ քայլեր ենք ձեռնարկելու հետագայում», – եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը»:

 

Leave a Comment