Ադրբեջանի խորհրդարանը դադարեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարանը) կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ նախօրեին «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կայունությանը» բանաձևի ընդունումից հետո։ Խորհրդարանը համապատասխան բանաձևն ընդունել է այսօրվա նիստում։

«Կասեցնել Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում», — նշվում է բանաձևում։

Որոշվել է նաև դադարեցնել խորհրդարանի մասնակցությունը Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին և սկսել Ադրբեջանի օրենսդիր մարմնի անդամակցությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին կասեցնելու գործընթաց։

Միլլի Մեջլիսի բանաձևում նշվում է, որ «Եվրախորհրդարանի ապակառուցողական դիրքորոշումը դարձել է այս կառույցի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հիմնական խոչընդոտը»։

Միլլի Մեջլիսը նաև մեղադրել է Եվրախորհրդարանին տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին հակառակվելու և «ռևանշիստական ​​ուժեր հրահրելու միջոցով այն հակամարտության թեժ կետ վերադարձնելու» փորձերի մեջ։ «Այս ամենը Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը դարձնում է անիմաստ», — նշվում է բանաձևում։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Բաքվում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչին և նրան բողոքի նոտա էր փոխանցել Եվրախորհրդարանի բանաձևի վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել էր, որ բանաձևի դրույթները «խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին և պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորությանը»։

Leave a Comment