ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն քաղաքական սկանդալի մեջ է հայտնվել կազմակերպության 76-րդ կոնգրեսում, որը տեղի է ունեցել Կանադայի Վանկուվեր քաղաքում, այն բանից հետո, երբ փորձել է միջնորդել Պաղեստինի և Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիաների ներկայացուցիչների միջև հաշտության կնքմանը։
Միջոցառումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը։ Ինֆանտինոն հայտարարել է, որ Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը և իր խաղերը կանցկացնի Միացյալ Նահանգներում, ինչպես նաև հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու իր մտադրության մասին։
Համագումարի ժամանակ Ինֆանտինոն հրավիրել է Պաղեստինի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Ջիբրիլ Ռաջուբին և Իսրայելի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահ Բասիմ Շեյխ Սուլիմանին բեմ բարձրանալ և միասին լուսանկարվել, սակայն Ռաջուբը մերժել է ՖԻՖԱ-ի նախագահի խնդրանքը։
Այնուհետև Ինֆանտինոն բարձրացել է ամբիոն՝ հայտարարելով, որ Պաղեստինը և Իսրայելը հավասար իրավունքներ և պարտականություններ ունեն որպես ՖԻՖԱ-ի անդամներ, կոչ անելով նրանց համատեղ աշխատել «երեխաների համար» և ձեռք սեղմել բեմում: Պաղեստինի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար կրկին մերժել է առաջարկը, սեղմել Ինֆանտինոյի ձեռքը, համբուրել նրա այտը և լքել բեմը:
Համագումարից հետո Ռաջուբը լրագրողներին ասել է, որ հրաժարվել է ձեռք սեղմել Իսրայելի ներկայացուցչի հետ, քանի որ սխալ է համարում ձեռք սեղմելը «ֆաշիստական և ռասիստական կառավարությանը» ներկայացնող և պաշտպանող մեկի հետ։