2026 թվականի ապրիլի 30-ին Արարատի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունների միջոցով անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Մ․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, զբաղեցնելով ՀՀ ՊՆ X զորամասի 3-րդ ՀԳՄ-ի 7-րդ վաշտի ապահովման ջոկի վարորդի պաշտոնը, զինվորական ծառայություն կրելու այլ վայրում, 2025 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող թիվ X մարտական դիրքում, որպես դիտորդ մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նախ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, նույն զորամասի 3-րդ ՀԳմ 7-րդ վաշտի սանհրահանգիչ, շարքային Ն․Ն․-ի կողմից նախորդ օրը դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, զրահաբաճկոնի զրահաքարը չտեղադրելու համար, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 3-րդ ՀԳմ 7-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատար, նույն ժամանակահատվածում զորամասի պահպանության տեղամասում գտնվող թիվ X մարտական դիրքում որպես դիրքի ավագ նշանակված, սերժանտ Լ.Ա.-ի ներկայությամբ, նախատել է Ն.Ն.-ին, միաժամանակ հայտարարելով, որ ինքն իր «դրվածքներին» չհետևողի հասցեին հայհոյանքներ է անում, միաժամանակ նշելով, որ առանց զրահաքարի զրահաբաճկոնով մարտական հերթապահություն իրականացնելը «դա լավ տղու քայլ չէ», այդ կերպ նվաստացնելով Ն.Ն.-ի անձնական պատիվն ու արժանապատվությունը:
Այնուհետև, 2025 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, մարտական դիրքի լվացարանի մոտ, նույն օրը դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում իր հետ խրամաբջիջ բջջային հեռախոս տանելու առիթով, վիճաբանել է Ն.Ն.-ի հետ, որի ընթացքում Լ.Ա.-ի ներկայությամբ կրկին նվաստացնելով Ն.Ն.-ի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հայտարարել է, որ Ն.Ն.-ի արարքը «լավ տղու քայլ չէ, ոչ մի լավ տղա այդ ամենը լավ ձևով չի ընդունի», նրան պարզաբանել է, որ նման քայլ կատարողի, ինչպես նաև իր ասածները չկատարողի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հասցնում և սպառնացել է, որ զորամաս վերադառնալուց հետո համածառայակիցներին պատմելու է նրա այդ արարքի մասին, ինչի համար նրա հասցեին մնացած համածառայակիցները ևս սեռական բնույթի հայհոյանքներ են հասցնելու:
Մ.Ղ.-ն իր կողմից վերը նշված անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնող գործողությունների միջոցով, անզգուշությամբ Ն. Ն.-ին հասցրել է ինքնասպանության փորձի՝ Ն.Ն.-ն իրեն այդ գործողություններից նվաստացված զգալով և չկարողանալով համակերպվել դրանց հետ, ինքնասպանություն գործելու նպատակով, 2025 թվականի սեպտեմբերի 07-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, որպես դիտորդ գտնվելով մարտական դիրքի թիվ X դիտակետում, խրամաբջջում տեղադրված տուփից վերցրել է մարտական հերթապահության համար նախատեսված <<Ջ-1>> տեսակի ձեռքի նռնակը, տեղադրել պայթուցիչը և նռնակը պայթեցնելու միջոցով՝ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում ողջ է մնացել և <<գլխի, դեմքի, կրծքավանդակի, որովայնի և վերջույթների շրջանի ականաբեկորային վիրավորում, որովայնի թափանցող բեկորային վիրավորում ներքին արնահոսություն, կրծքավանդակի բեկորային թափանցող վիրավորում, ձախ հայմորյան խոռոչի առաջնային պատի բազմաբեկորային կոտրվածք, ձախ ռետրոբուլբալ տարածության օտար մարմին, զույգ սրունքների շրջանի բեկորային կույր վիրավորումներ, աջ ոլոքի ստորին երրորդիեզրային կոտրվածք>> ախտորոշումներով ընդունվել է Արարատի մարզի <<Արարատ>> ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Լ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 1-ին դասակի, 1-ին ջոկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ սերժանտ, նույն զորամասի հրամանատարի 20.08.2025 թվականի թիվ 0711 հրամանով 2025 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում նշանակված լինելով զորամասի պահպանության տեղամասի թիվ X մարտական դիրքում որպես դիրքի ավագ և ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 370-րդ հոդվածի ու ՀՀ պաշտպանության նախարարի 15.01.2025 թվականի թիվ 010 հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության» մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն իրականացնելու կանոնների 64-րդ կետի 9-րդ ենթակետի դրույթների համաձայն՝ պատասխանատու լինելով մարտական դիրքում զինվորական կարգապահության համար և, պարտավոր լինելով յուրաքանչյուր մարտական հերթափոխից հետո վերլուծել մարտական հերթապահության իրականացման, զինվորական կարգապահության վիճակը, հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ, մարտական հերթապահության նշված հերթափոխի ընթացքում խախտել է մարտական հերթապահության կրելու վկայակոչված կանոնները.
Մասնավորապես՝ անհրաժեշտ ու բավարար հսկողություն չի սահմանել մարտական ծառայության իրականացման նկատմամբ, միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված կարգապահական խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ, ինչը հանգեցրել է մարտական հերթապահության կրման բնականոն ընթացքի խաթարմանը և անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում, մասնավորապես՝ նախապես տեղյակ լինելով, որ նշված հերթափոխում, տվյալ մարտական դիրքում, որպես դիտորդ նշանակված, նույն վաշտի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ն․Ն․-ի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում զրահաբաճկոնի զրահաքարը չտեղադրելու, իսկ սեպտեմբերի 6-ին դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում բջջային հեռախոսը մարտական դիրք տանելու հանգամանքների մասին և, դրանց պատճառով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ․Ղ․-ի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, մարտական դիրքի լվացարանի մոտ շարքային Ն.Ն․-ի անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու դեպքերի մասին՝ չի կանխել դրանք և չի զեկուցել հիշյալ միջադեպերի մասին, որի արդյունքում շարքային Ն.Ն․-ը 2025 թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, որպես դիտորդ գտնվելով մարտական դիրքի թիվ X դիտակետում, խրամաբջջում տեղադրված տուփից վերցրել է մարտական հերթապահության համար նախատեսված «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակը այն պայթեցնելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել՝ ստանալով գլխի, դեմքի, կրծքավանդակի, որովայնի և վերջույթների շրջանի ականաբեկորային վիրավորման, որովայնի թափանցող բեկորային վիրավորման ներքին արնահոսության, կրծքավանդակի բեկորային թափանցող վիրավորման, ձախ հայմորյան խոռոչի առաջնային պատի բազմաբեկորային կոտրվածքի, ձախ ռետրոբուլբալ տարածության օտար մարմնի, զույգ սրունքների շրջանի բեկորային կույր վիրավորումների, աջ ոլոքի ստորին երրորդի եզրային կոտրվածքի ձևերով կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, հետագայում ՀՀ ՊՆ ԿՌՓԿ որոշմամբ ճանաչվելով զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ վաղաժամ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
Մ․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Մ․ Ղ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք և սահմանվել է զինվորական հսկողություն։
Լ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 540-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։
Լ․Ա-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: