Բաքվում Եվրամիության (ԵՄ) դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա է ներկայացվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «հակաադրբեջանական բանաձևի» վերաբերյալ, հաղորդում է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի ապրիլի 30-ի բանաձևում մեր երկրի դեմ անհիմն և կողմնակալ դրույթները: Այս կապակցությամբ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել»,-ասվում է հայտարարության մեջ:
Այն նշում է, որ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը և հակասում պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին։
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Եվրախորհրդարանի այս մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա», – նշել է գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։