Թիկնիզյանի նկատմամբ արդեն որոշակի հետաքրքրություն կա․ Կլյուև

«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել է եվրոպական լուրջ առաջնություններից ֆուտբոլիստի նկատմամբ առկա հետաքրքրության մասին։

​«Նաիրը շատ լավ մրցաշրջան է անցկացնում Սերբիայում։ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» առաջատար խաղացողներից է։
Թիմն այժմ պայքարում է երկրի Գավաթի եզրափակիչ դուրս գալու համար, ինչը նշանակում է, որ նա ևս մեկ տիտղոս նվաճելու հնարավորություն ունի։ Բացի դրանից, նա իրեն հիանալի է դրսևորել եվրագավաթներում։
Դեյան Ստանկովիչը գոհ է Նաիրից և տեսնում է, թե ինչպես է նա շարունակում առաջադիմել»,- նշել է գործակալը։

​«Чемпионат»-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի այն հարցին, թե նման տպավորիչ մրցաշրջանից հետո արդյոք հնարավոր է, որ ավելի բարձրակարգ առաջնությունների ակումբներն իրենց ուշադրությունը սևեռեն հայ ֆուտբոլիստի վրա, Կլյուևը պատասխանել է.

​«Ոչ թե կարող են, այլ արդեն իսկ հետաքրքրվում են։ Թիկնիզյանի նկատմամբ արդեն որոշակի հետաքրքրություն կա»,-ասել է Կլյուևը։

Leave a Comment