Նախաձեռնությամբ առաջարկվող սահմանափակումները միտված են պաշտպանելու սոցիալապես խոցելի խմբերին, կանխելու նրանց ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը, պահպանելու պետական աջակցության սոցիալական նպատակադրումը եւ նվազեցնելու խաղամոլությամբ պայմանավորված ընտանեկան եւ հասարակական աղետները: Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում ասել է պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:
Պատգամավորի խոսքով օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին ութ տարիներին աճել են ավելին, քան 35 անգամ: «Եթե 2017 թվականին ինտերնետ կազինոների խաղադրույքների ծավալները կազմում էին 0.2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին աճելով ավելի քան 35 անգամ՝ խաղադրույքների ծավալները հասել են 7.4 տրիլիոն դրամի»,- նշել է հեղինակը եւ հավելել, որ ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ մեր ժողովրդի համար: Ըստ զեկուցողի՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ վատնում են իրենց ֆինանսական միջոցները՝ վարակված լինելով այս մոլուցքով՝ անկախ գտնվելու վայրից: Նշվել է, որ աշխատած գումարներն ու խնայողությունները կորցրած, մեծ պարտքեր կուտակած մեր քաղաքացիները, սպառելով վստահությունը բարեկամների ու ընկերների շրջանում, չկարողանալով այլեւս նոր պարտքեր ներգրավել, գտնվելով անելանելի վիճակում, հաճախ դիմում են անընդունելի քայլերի՝ կատարելով գողություններ, խաբեություններ եւ այլ հանցագործություններ: Հայկ Սարգսյանի կարծիքով ստեղծված իրավիճակում Ազգային ժողովը պարտավոր է կանխարգելիչ գործիքներ կիրառել՝ առավելագույնը սահմանափակելու ինտերնետ կազինոներին մասնակցությունն այն անձանց համար, որոնք այլեւս չեն ցանկանում խաղալ, բայց չեն կարողանում հետ կանգնել այդ կախվածութունից եւ գտնվում են սոցիալական ծանր վիճակում կամ օգտվում են պետության աջակցության ծրագրերից:
Հեղինակը նախաձեռնությամբ առաջարկում է օրենքով պարտադիր պահանջ սահմանել, որ բոլոր օնլայն կազինոներն իրենց կայքերում եւ հավելվածներում՝ տեսանելի վայրում ունենան ինքնաարգելափակման կոճակ, որի սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունն օնլայն կազինոներին՝ 5 տարի ժամկետով՝ առանց վաղաժամ վերաբացման հնարավորության: Ընդ որում՝ 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի լրանալուց 5 օր առաջ քաղաքացին դիմում չներկայացնի արգելափակումը հանելու վերաբերյալ:
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ անձի ինքնաարգելափակման տեղեկատվությունը կփոխանցվի խաղային օպերատորին եւ կկասեցվի նրա մասնակցությունը նաեւ մյուս խաղային օնլայն կազինոներում եւ հարթակներում: «Այս գործիքը հնարավորություն կտա խաղամոլության կախվածության մեջ գտնվող անձին ինքնակամ, արագ եւ օրենքով պաշտպանված կերպով դուրս գալ խաղային միջավայրից»,- բարձրաձայնել է զեկուցողը:
Հեղինակը նաեւ առաջարկում է օրենքով արգելել խաղերին մասնակցությունն այն անձանց համար, որոնք որեւէ տեսակի նպաստ ստացող են: Նշվել է, որ նպաստառուի մասնակցությունը խաղերին հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը եւ խորացնում նրա սոցիալական խոցելիությունը:
Խաղերին մասնակցությունը կարգելվի նաեւ այն անձանց, որոնց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է: «Եթե անձի միակ եկամտի աղբյուրը կենսաթոշակն է, ապա այդ միջոցը պետք է ծառայի կենսական կարիքների բավարարմանը՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ»,-նման դիրքորոշում է հայտնել Հայկ Սարգսյանը:
Սնանկության վարույթում գտնվող, ինչպես նաեւ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որեւէ ծրագրից օգտվող անձանց եւս կարգելվի մասնակցություն ունենալ վերոնշյալ խաղերին: Հեղինակն առաջարկում է, որ քաղաքացիները կարող են խաղերին մասնակցություն ունենալ յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված եկամտի 20 տոկոսի չափով:
Հայկ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին ու դիտարկումներին: Զեկուցողը պատրաստակամություն է հայտնել հնչած առաջարկների հիման վրա առաջինից երկրորդ ընթերցում լրամշակել նախագծերի փաթեթը:
«Նախագծերով առաջարկվող՝ քաղաքացիների կողմից խաղերին մասնակցության սահմանափակումների եւ արգելքների վերաբերյալ կարգավորումները, իրենց բովանդակությամբ ուղղված լինելով սոցիալական ռիսկերի նվազեցմանը եւ պատասխանատու խաղի գործիքակազմի զարգացմանը, կարող են լիարժեք ու արդյունավետ կիրառվել միայն «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղային ոլորտի կարգավորման օպերատորի ինստիտուտի ներդրման եւ դրա լիարժեք գործարկման պայմաններում»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ ներկայացնելով նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորման միտումների եւ դրդապատճառների վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը: Նշվել է, որ գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ:
«Բոլորիս նպատակն իրագործելի ու իրատեսական նախագիծ ունենալն է»,- կարեւորելով նախաձեռնությունը՝ ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Քննարկման արդյունքում օրենքների նախագծերի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: